Հյուսիսկորեական հրթիռի արձակումը տապալվել է
Հյուսիսկորեական հրթիռի արձակումն անհաջող է եղել, հայտնում է CNN հեռուստաընկերությունը: Այդ հրթիռը, Փհենյանի պնդմամբ տիեզերք պետք է օդերևութաբանական արբանյակ դուրս բերեր:
Դեռ հայտնի չէ, թե ուր են ընկել բեկորները, թեև ավելի վաղ հաղորդվել էր, որ հրթիռի երկրորդ աստիճանի բեկորներն ընկել են Ֆիլիպիններից ոչ հեռու:
Պաշտոնական Տոկիոն նույնպես հաստատել է լուրը: Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական հայտարարել է, որ հրթիռը վայր է ընկել արձակումից ընդամենը մեկ րոպե անց:
Միացյալ Նահանգները քննադատել է հրթիռի արձակումը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել էր, որ այն խախտում է միջազգային օրենսդրությունը:
«Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը, խախտում միջազգային օրենսդրությունը և հակասում Հյուսիսային Կորեայի ստանձնած պարտավորություններին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
CNN հեռուստաընկերությունը նաև հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար այսօր Նյու Յորքում կհավաքվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները:









