Մարաղայում ադրբեջանցիները հայերին գլխատել ու մասնատել են. Սարգիս Հացպանյան (տեսանյութեր)
Քսան տարի առաջ, ապրիլյան այս օրերին, ադրբեջանցիները սպանդ իրականացրեցին Ղարաբաղի Մարաղա գյուղում:
Այդ օրերին Մարաղայում է եղել նաև արցախյան ազատամարտի մասնակից, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, ով և դարձել է դեպքերի ականատեսը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի այսօրվա կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև Հացպանյանը , ով ներկաներին առավել մանրամասնորեն ներկայացրեց տեղի ունեցածը:
Հացպանյանը պատմեց, որ այդ օրերին իրենց՝ արցախյան ազատամարտի մի քանի մարտիկների, հաջողվում է հայտնաբերել մոտ 55 տեղաբնակ հայերի մարմիններ, որոնք ադրբեջանցիների ձեռքով մասնատված ու գլխատված էին:
«Նրանց մեծ մասը երեխաներ էին, ծերեր ու կանայք: Մենք տեղեկացանք, որ հայ գյուղացիներից շատերին ադրբեջանցիներն իրենց հետ ուղղակի տարել էին: Մի մեծ փոս փորեցինք ու սպանված հայ գյուղացիների մարմիններն ամփոփեցինք այդ փոսում»,- պատմեց ականատես Հացպանյանը:
Վերջինս նաև նշեց, որ ինքը կարողացել է տեսանկարել Մարաղա գյուղում տիրող սարսափելի իրավիճակը, դրա հետևանքները, ինչն ստեղծվել էր ադրբեջանցիների՝ գյուղից հեռանալուց հետո:
«Մենք տարբերակներ էինք մտածում կատարվածի մասին ողջ աշխարհին ինչ- որ կերպ տեղեկացնելու համար: Ես ասում էի, որ պետք է արագացնել: Ղարաբաղից վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի այդ օրերին Հանրային հեռուստատեսության ղեկավար Սամվել Գևորգյանին, որպեսզի հեռուստատեսությամբ ցուցադրվի իմ նկարահանած կադրերը, բայց նրանք ինձանից մեկ շաբաթ խնդրեցին` հարցը քննարկելու համար»,- ասաց Հացպանյանն ու հավելեց, որ մեկ շաբաթ անց որոշում կայացվեց չցուցադրել կադրերը այն պատճառաբանությամբ, որ դա կխանգարի ադրբեջանցիների հետ լեզու գտնելուն:
Սարգիս Հացպանյանի «Մարաղա» ֆիլմի տևողությունը 3.5 ժամ է: Այժմ այն հասանելի է նաև ինտերնետ օգտագործողներին և տեղադրված է youtube.com կայքում: Ֆիլմի երեք մասերը կարելի է դիտել ստորև։









