Սարկոզիի հերթական սուտը. Բեռլինի պատից հետո, նա եղել է նաև Ֆուկուսիմայում

11:49 • 13.04.12

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին «գլուխ է գովել» ընտրողների առջև, թե եղել է Ճապոնիայի վթարված «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին լրջորեն վնասել էին ԱԷԿ-ը:

«Ես, ի տարբերություն Ֆրանսուա Օլանդի (նախագահական մրցապայքարում նրա հիմնական մրցակիցը) եղել եմ Ֆուկուսիմայում, և կարող եմ ասել, որ այնտեղ աղետ է առաջացրել ցունամիի 42-մետրանոց ալիքը: Անկեղծ ասած` ես չեմ տեսնում Էլզասում ցունամիի առաջացման անմիջական սպառնալիք»,- ասել է Սարկոզին` Ֆրանսիայում ԱԷԿ-ները փակելու շուրջ Օլանդի հնչեցրած առաջարկին ի պատասխան:

Սարկոզիի խոսքերը հերքել են ճապոնացի լրագրողները, որոնք հայտնել են, որ երկիր այցի ժամանակ Սարկոզին չի լքել մայրաքաղաք Տոկիոն, չնայած, որ «առաջին արևմտյան քաղաքական գործիչն էր, ով աղետից հետո այցելել է երկիր»:

Նախագահի մյուս թեկնածուները միանգամից օգտվել են Սարկոզիի «ընձեռած հնարավորությունից»:

«Ֆրանսիական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, երբ նախագահի թեկնածուն պատմում է մի ճամփորդության մասին, որը երբեք տեղի չի ունեցել»,- ասել է Օլանդը:

Երկու տարի առաջ Սարկոզին հայտնել էր, թե 1989 թ.-ի նոյեմբերի 9-ին` Բեռլինի պատի փլուզման օրը, այցելել է Արևմտյան Բեռլին, և նույնիսկ ասել էր, թե այդ այցի մասին գրել է նաև Facebook սոցիալական ցանցի իր էջում: Նա նույնիսկ լուսանկար էր տեղադրել, որտեղ, իբր, կանգնած է պատի մոտ, սակայն պարզվել էր, որ այն արվել է ոչ այդ օրը:

Սարկոզիի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից, փոխարենն ակտիվ են սոցցանցերի օգտատերերը:

«Սարկոզին ամենուր է եղել, է'լ Բեռլինի պատի մոտ, է'լ Ֆուկուսիմայում: Այժմ «Տիտանիկի» խորտակման տարելիցն է… կարո՞ղ է նա նավում էլ է եղել»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: