Մայիսի 6-ից հետո թշնամություն չպետք է լինի մարդկանց մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակացության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Այնթափ և Հայանիստ գյուղերում, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս, Արարատ, Վեդի քաղաքներում: Նախատեսվում է այցելություն նաև մարզկենտրոն Արտաշատ։
Հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահը նախ ներկայացրել է Հանրապետական կուսակցության անցած ուղին, կատարած աշխատանքներն ու այն ծրագիրը՝ ինչը կուսակցությունը պարտավորվում է իրականացնել առաջիկա հինգ տարիների ընթացքում:
«Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ նախկինում մեզ աջակցել եք ձեր քվեներով, և կոչ եմ անում, առաջիկայում էլ լինեք մեր կողքին, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որ դրել ենք մեր առաջ»,-ասաց ՀՀ նախագահը:
Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնելով անցած հինգ տարիների աշխատանքը՝ ասաց. «Ինչպես հայտնի է` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով տուժեց նաև Հայաստանը: Գործադրելով լրջագույն ջանքեր` մենք կարողացանք դիմակայել դրան` միաժամանակ չկրճատելով ոչ մի սոցիալական ծրագիր։ Ընդհակառակը, որոշ դեպքերում մենք կարողացանք ավելացնել սոցիալական հարցերի կարգավորման համար նախատեսված միջոցները»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև զրուցեց համայնքի բնակիչների հետ, ծանոթացավ վերջիններիս խնդիրներին ու խոստացավ՝ բարեփոխումների շնորհիվ հասնել դրանց լուծմանը:
ՀՀԿ առաջնորդը ընտրողներին կոչ արեց ակտիվ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ասաց՝ թող բոլորը հիշեն, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, ուրեմն. «Պետք է բարձր գիտակցությամբ գնալ ու մասնակցել ընտրություններին, մենք պետք է կազմավորենք այնպիսի խորհրդարան, որը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք մենք մեր առջև դրել ենք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով՝ մայիսի 6-ից հետո թշնամություն չպետք է լինի մարդկանց մեջ:
Արարատի մարզում ՀՀ նախագահին ուղղեկցում էին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, Հայոց Արծիվներ հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, և այլոք:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու են 8 քաղաքական ուժեր՝ համամասնական ընտրակարգով և 100-ից ավելի անհատներ` մեծամասնական ընտրակարգով:









