Սերժ Սարգսյանն այցելել է Սուրենավանի քարերի վերամշակման գործարան
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելեց «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին պատկանող Սուրենավանի քարերի վերամշակման գործարան:
ՀՀ Նախագահը գործարանում նախ ծանոթացավ ընկերության նոր՝ վերամշակող արտադրամասի աշխատանքներին, որը նախատեսված է բնական քարե սալիկների արտադրության համար և սպասվում է, որ կգործարկվի ապրիլ-մայիս ամիսներին:
«Գործարանն արդեն հինգ տարի է` զբաղվում է քարերի վերամշակմամբ: Կառուցման փուլում գտնվող նոր արտադրամասը նախատեսված է երկու-երեք մետրանոց քարեր մշակելու համար: Գործարանում մշակվում են տրավերտին տեսակի քարեր, որոնք արտահանվում են Եվրոպա և Ռուսաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը:
«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, բնական քարերի վերամշակման գործարան հիմնելու նպատակով, 2007 թ-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում ձեռք է բերել նախկինում բրդի վերամշակման գործարանի տարածքը:
2009 թ-ին ընկերությունն ավարտել է գործարանի շինարարությունը և սարքավորումների տեղադրման աշխատանքները, իսկ այժմ այն գործում է որպես քարի արտադրամաս, ուր աշխատում են 180 մարդ:
Նոր արտադրամասի բացվելու հետ մեկտեղ ևս գործարանում կբացվի 90 աշխատատեղ:









