Վահագն Խաչատրյանը ԲՀԿ-ի՝ ՀՀԿ–ին ընդդիմանալու անկեղծության հարցում դեռ չի կասկածում, բայց և չի բացառում, որ...
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այն հարցին, թե, արդյոք «Բարգավաճ Հայաստանը» նույն խաղը չի խաղում, ինչ-որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններին, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանն ասաց. «Իրենց անկեղծությանը դեռ կասկածելու տեղիք չունեմ: Բայց չեմ բացառում՝ հաշվի առնելով Հայաստանում եղած դեպքերը։ Երաշխիքներ չեմ կարող տալ, իրենք պետք է տան պատասխանը»,-նշեց նա:
ՀԱԿ անդամը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի համարում ընդդիմադիր, սակայն կարծում է, որ իր նախընտրական գործունեությամբ այն ընդդիմանում է, և ընդդիմանում է հենց ՀՀԿ-ին:
Վահագն Խաչատրյանը նշեց նաև, որ ընտրությունների վերահսկողության համար միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ԲՀԿ-ի ստորագրությունը ևս հաստատում է այն միտքը, որ կոալիցիայի անդամը չի կիսում իր գործընկերոջ` ՀՀԿ-ի մոտեցումները:
Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը կարծում է նաև, որ ԲՀԿ-ին դուր չի գալիս նաև այն, որ Սերժ Սարգսյանն անձամբ է գլխավորում նախընտրական գործունեությունը, ինչը, նրա կարծիքով, արվում է միմիայն միջազգային հանրության համար:
«Նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրապետական կուսակցության քարոզարշավը գլխավորելը ցույց է տալիս, որ դրանով նա հանդես է գալիս միջազգային կառույցների համար, ոչ թե ՀՀ քաղաքացիների համար, սա ևս ԲՀԿ-ն չի կիսում»,- ասաց նա:
Ամեն դեպքում, նրա կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ ընտրակեղծիքներին մասնակցություն չի ունեցել: Նրա հետ համակարծիք էր նաև ՀՅԴ կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը, ով նշեց, որ դեռ չեն կարող ապացուցել, ԲՀԿ անկեղծ է, թե ոչ, քանի որ չկան փաստեր:
«Ցանկացած ուժի իրական պատկերը կերևա ընտրություններից հետո»,-նկատեց նա:









