Մարաղայի սպանդի տարելիցին ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելն անբարոյականություն է. բլոգեր
Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Մարաղայի սպանդի 20-րդ տարելիցի օրերին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպելն անբարոյականություն է և վստահեցնում է, որ ինքը և իր ընկերներն ամեն ինչ անելու են, որպեսզի Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գերոգի Վանյանին թույլ չտան դա։
«Այս թեման դարձրել է բիզնես, ես իմ անձնական կարծիքն ասեմ. թույլ չենք տա այս զգայուն թեմայի վրա բիզնես անեն: Թող գնան ուրիշ տեղեր անեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Այս օրերին անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, համարում եմ անբարոյականություն՝ և՛ կազմակերպողի կողմից և՛ տարածք տրամադրողի: Փառատոնը երկու արմատ ունի՝ փառք և տոն, իսկ արդրբեջանական տոն Հայաստանում չեն անցկացնում»,- ասաց նա:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը նկատեց, որ Գեորգի Վանյանը սադրանքի է դիմում, որպեսզի զոհի կերպարով ներկայանա իր հովանավորյալների մոտ: «Կարող եք բացել ադրբեջանական կայքերը և կտեսնեք, թե դրանք ինչ վայնասուն են դրել»,-ասաց նա:
Բլոգերն իր ուրախությունը չի թաքցնում, որ տապալվեց Գյումրիում հայտարարաված փառատոնը, որը Գերոգի Վանյանը 2010թ-ից փորձում է իրականացնել ցանկացած գնով:
Բլոգգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն էլ ավելացնում է, որ իրենց ջանքերն ուղղված են ոչ թե ադրբեջանական մշակույթի, եթե, նրա խոսքով, իհարկե այդպիսին կա, այլ կոնկրետ այդ փառատոնը տապալելուն, քանի որ այն ներկայացվում է որպես քարոզչության միջոց:
«Վանյանն ուզում է անցկացնել հայ-ադրբեջանան հանդուրժողականության քարոզող փառատոն: Տրամաբանություն ունեցողը կհասկանա, որ հանդուրժողականություն պետք է Ադրբեջանին, որտեղից մշտապես ռազմատենչ հայտարարություներից բացի, սահմանին կրակոցները չեն դադարում»,- ասաց նա և զարմացավ, թե ինչպես կարելի է դրա անունը դնել երկխոսություն, եթե ֆիլմերը ցուցադրելու փորձ արվում է միայն Հայաստանում: Նա համոզված է, որ հայկական ֆիլմեր Ադրբեջանում ցուցադրելու ոչ թե փորձեր, այլ ընդհանրապես խոսակցություն ոչ մի դեպքում թույլ չէր տրվի:
Վահրամ Միրաքյանը նշեց, որ ում հետաքրքրում է ադրբեջանական մշակույթը և ընդհանրապես այդ ֆիլմերը կարող է youtube-ում տեսնել, ուստի ցանկացողների համար բոլորովին էլ պարտադիր չէ փառատոն անցկացնել:
Տիգրան Քոչարյանը հավատացնում է, որ այն հայտարարությունը, թե փառատոնի անցկացման աջակիցն ԱՄՆ դեսպանատունն է, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ԱՄՆ դեսպանատունը, ըստ նրա, վաղուց դադարեցրել է Վանյանին աջակցություն տրամադրել: «Նրանք հասկացել են, որ առնվազն խեղկատակի հետ գործ ունեն այդ դաշտում»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ այս հարցով նամակ է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն, և հարց ուղղել, թե «2007 թ-ից, երբ սկսեց Վանյանի խաղաղության դիալոգը, ինչ արդյունքի ենք հասել»:
Ի դեպ, Գեորգի Վանյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին փորձ կարվի փառատոնն անցկացնել Վանաձորում, ինչին ի պատասխան՝ դրա դեմ պայքարող կողմը, այդ թվում և իրենք, զգուշացրել է, որ քանի իրենք կան, Հայաստանի ցանկացած տեղ նրան չի հաջողվի դա իրականացնել:









