Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը վերացրել է թերությունը
Վճարովի քարոզչական պաստառներ տեղադրելու մասին քաղաքապետարանի որևէ թույլտվություն պետք չէ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց թիվ 2 ընտրատարածքի նախագահի տեղեկալ Ֆրունզե Վարդանյանը՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի երեկ գիշեր տարածած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ, ըստ նախընտրական շտաբի այսօր տարածած հայտարարության, քարոզչական պաստառ տեղադրելու նպատակով ապրիլի 6-ին թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ և կատարել է համապատասխան վճարում: Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քարոզչական պաստառը տեղադրվելու է ընկերությանը պատկանող թիվ 22 վահանակի վրա, ու թեև պայմանագրում չկա որևէ կետ՝ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, ընկերությունը պայմանագրի չկատարումը հիմնավորել է Երևանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվության բացակայությամբ: Սա էլ Կարապետյանի նախընտարկան շտաբի կողմից որակվել էր իբրև «թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու փորձ»:
Tert.am-ի հետ հեռախոսազրույցում թիվ 2 ընտրատարածքի նախագահի տեղեկալ Ֆ. Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ երեկ պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանից դիմում է ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Նիկողայոս Մառի 2-րդ նրբանցքում՝ վարչական համայնքի կողմից տրամադրված հատուկ տեղերում անվճար քարոզչության համար սահմանված բոլորը տեղերը զբաղեցված են մյուս՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության տնօրեն և թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի պաստառներով:
Վերջինիս նախընտրական շտաբն այս մասին տեղեկացվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, վերացրել է քարոզչական թերությունը՝ թողնելով պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի քարոզչությունը ներկայացնող միայն մեկ պաստառ:









