Վեցերորդ վարչությունը՝ «պիրատների» դեմ օրենսդրական նախաձեռնության հեղինակ

03:21 • 14.04.12

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և իրավաբանական վարչությունների կողմից շրջանառության մեջ է դրվել և ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Նախագծերից ակնկալվող արդյունքն այն է, որ կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը, կնվազեցվի «պիրատության» աստիճանը : Նաև այն, որ փոփոխությունները կնպաստեն ՀՀ-ԵՄ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» շուրջ համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների արդյունավետությանը:

Ավելին՝ օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ Նախագահի 06.05.09թ. կարգադրությամբ հաստատված «Եվրոպական հարևանության» քաղաքականության ՀՀ-ԵՄ միջոցառումների ցանկի գործողությունների կատարման նպատակով:

Մյուս կողմից, հիմնավորվում է, որ ներկայումս մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ արտադրված ապրանքների անօրինական շրջանառությունը գնալով նոր թափ է ստանում, ինչը հանրային լուրջ վտանգ է պարունակում, քանի որ ինչպես խախտվում են ստեղծագործողների և կատարողների սահմանադրական, հեղինակային և հարակից իրավունքները, այնպես էլ առկա է ստվերային չհաշվառվող ֆինանսական միջոցների շրջանառություն, որի պատճառով պետությունը կորուստներ է կրում չվճարվող հարկերի մասով:

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է, որ Քրեական օրենսգրքի 158-րդ, 197-րդ հոդվածները վերախմբագրվեն. այն է՝ հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպքում առաջին կետով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի և չորս հարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, ինչպես «ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով» ներկայացնելու, այնպես էլ ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելու, «առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման իր անունից ներկայացնելու» դեպքում:

Պատժամիջոցները նախագծով է’լ ավելի են խստացվում, եթե հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտի ապօրինի օգտագործումը, ինչպես նաև իրացնելու նպատակով «հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների կեղծ կամ նմանակված օրինակները ձեռք են բերվել, պահվել, փոխադրվել կամ առաքվել են «զգալի չափերով»՝ ապա նախատեսվող տույժերը տատանվում են նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի միջև, կամ սահմանվում է կալանք` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Այս արարքների համար նախատեսվում է առավելագույնը երկու տարի ազատազրկում, եթե կատարվել է պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով՝ խոշոր չափերով և ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում:

Հոդված 197-ը վերաբերում է ապրանքային, սպասարկման նշաններին, ֆիրմային անվանմանը. աշխարհագրական նշումին, ծագման տեղանունին, երաշխավորված ավանդական արտադրանքը ապօրինի օգտագործմանը: Այս դեպքում կամ այդ նշանների՝ շփոթելու աստիճան նման նշանների, անունների անվանումների ապօրինի օգտագործելը, ինչպես նաև իրացնելու նպատակով դրանցով մակնշված կեղծ ապրանքներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ծանրացուցիչ հանգամանքերում այդ արարքի համար նախատեսվում է տուգանք և ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: