Մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է Հայաստանին. Ահարոն Ադիբեկյան

14:38 • 14.04.12

Մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է Հայաստանին և այդ ընտրակարգի մասին բոլոր ասեկոսեներն ու բողոքներն անիմաստ են, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մեծամասնական ընտրակարգը յուրահատուկ է, և պետք է պահպանվի նրա համար, որ համայնքի հարցերը վեր բարձրացվեն: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ում ցանկանում են ընտրել, հարում են ամբողջովին այլ քաղաքական ուժի»,- ասաց նա։

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրողները միշտ մտածում են, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվողները պետք է համայնքի համար լուծեն սոցիալական խնդիրներ: «Համայնքը բարեկարգեն, աղբահանությամբ պետք է զբաղվեն, խաղահրապարակներ կառուցեն, լավ սովորող երեխաների համար, ովքեր չեն կարողանում վարձ վճարել, դա վճարի և այլն»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հարցումների ընթացքում պարզվել է նաև, որ մեծամասնականով առաջադրված թեկնածուների մեծ մասին, համայնքի բնակիչները չեն ճանաչում։ Ադիբեկյանը ճանաչելու համար հետաքրքիր մոդել է առաջարկում:

«Երկու քարոզիչներ կուսկացության կողմից նստում են հասարակական տրանսպորտ և 12 ժամ երթևեկելով բարձր խոսում են և անց են կացնում սև փիառ: Ասենք թե ասում են, որ այնինչ թեկնածուն լիարժեք տղամարդ չի, կամ լիարժեք կին չի, կամ այսինչ օլիգարխն Ամերիկայում դղյակ ունի: Եթե մամուլով դա հրապարակեն դատի կտան, բայց այստեղ ոչ մեկ դատի չի կարող տալ և դա շատ լավ կաշխատի»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:

Հարցին, թե նման միջոց երբևէ կիրառվել է, Ադիբեկյանն ասաց, որ թեև նման բան եղել է ՀՀՇ-ի ժամանակ, հիմա նույնպես կա, պարզապես՝ ոչ այդքան ակտիվ:

Սոցիոլոգը նշեց, որ մեծամասնական ընտրակարգով պետք է առաջադրվեն մեծահարուստներ և այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան սոցիալական խնդիրներ լուծել, քանի որ Հայաստանում աղքատությունը մեծ է: