Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մեջ կասկածվողի մայրը թիվ 34/21 ընտրատարածքի ԲՀԿ–ական քարտուղարն է
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ձերբակալված երիտասարդի՝ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլի Նիկոլյանը Գյումրու թիվ 34 ընտրատարածքի 21-րդ ընտրատեղամասի քարտուղարն է և ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս տեղեկությունը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։
Բացի նշված հանգամանքը, Tert.am–ին հայտնի է դարձել, որ Սարգսյանների ընտանիքին պատկանող Աշոցքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող քառահարկ տան 2-րդ հարկը նրանք տրամադրել են ԲՀԿ–ին՝ որպես նախընտրական գրասենյակ։
Ի դեպ, այսօր թիվ 34/21 ընտրատեղամասում կայացած հանձնաժողովի նիստին Անահիտ Նիկոլյանը չի ներկայացել։
Նշենք նաև, որ ձերբակալվածի հայրը, այսինքն Անահիտ Նիկոլյանի ամուսինը, ոստիկանության Անիի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանն է:
Ի դեպ, մեր տրամադրության տակ է նաև թիվ 34/21 ընտրատեղամասի հանձնաժողովի կազմի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը.

Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կարելի է հավաստիանալ, որ նշված ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի քարտուղարն է.

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Գյումրիում, իր մեքենայի մեջ՝ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել էր 27-ամյա Կարեն Եսայանը, ով Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուն էր, և պատրաստվում էր այդ օրը ամուսնանալ նրա դստեր հետ։









