Խնդիրը դրվածքի շուրջ է` կամ Սերժ Սարգսյանն է, կամ Սերժ Սարգսյանը չէ. Արամ Մանուկյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ թիրախ՝ Սերժ Սարգսյան և Հայաստանի հանրապետական կուսակցություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը և հավելեց. «Ինչո՞ւ, որովհետև այս ողջ քաղաքականության մեխը, հիմքը, դարբնոցն այդ կուսակցության մեջ է, և գործադիր իշխանության, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, բոլոր ձախողումները, նաև ընտրություններին սպասվելիք կեղծիքները կապվում են էդ կուսակցության ու էդ մարդու հետ: Բնականաբար, մենք պայքարելու ենք դրա դեմ: Իսկ բոլոր այն ուժերը, որոնք ցանկություն ունեն կեղծիքների դեմն առնելու, Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ պայքարելու և ընտրական պրոցեսը նորմալ անցկացնելու, մենք նրանց հետ համախոհներ ենք»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստանի» և այլ կուսակցությունների հետ ընտրությունների միասնական վերահսկողության շտաբ ձևավորելու մտադրություն ունեցող Հայ ազգային կոնգրեսին վերագրվում է այն մոտեցումը, թե վերջինս առավել չեզոք է կոալիցիոն ԲՀԿ-ի նկատմամբ, քան Հանրապետականի: Իսկ սոցիալական ցանցերում և վերլուծական հոդվածներում առավել հեռուն գնացող մեկնաբանություններ և որակումներ են հնչում: Ընդհուպ մինչև, որ առաջին և երկրորդ նախագահների միջև կան ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ այստեղից բխող հետևանքներով: Մի օգտատեր անգամ գրել էր. «Քոչարյանական լևոնականները մեզ մեդադրում են…»:
Հիշեցնենք նաև, որ ոչ միանշանակ գնահատականի արժանացավ ՀԱԿ առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընտրողներին ուղղված հորդորը՝ «Ընտրեք՝ ում ուզում եք, բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից»: Tert.am-ի հարցին՝ այսպես թե այնպես ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ է գնում անջատ, և առկա է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների փոշիացման վտանգը, հետևաբար, մտավախություն չկա՞, որ ՀԱԿ առաջնորդի այս կոչով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներն էլ ավելի կփոշիանան, ՀՀՇ կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը պատասխանեց, թե այսօր միակ քաղաքական ուժը, որը հնարավորություն ունի ազատվելու «էս իշխանությունից» ՀԱԿ-ն է՝ իր համակարգված և մշակված կառույցներով ու համախոհների բանակով:
«Այլ ուժեր, որոնք կողմնակից են այս ծրագրին, գտնում են, որ կարող են իրականացնել, խնդրեմ՝ թող կողքից, առջևից, հետևից միանան այդ շարժմանը: Եվ այստեղ սկզբունքն է կարևորը. ոչ թե ում հետևից գնալ, այլ ինչ ասել»,-պարզաբանեց ընդդիմադիր քաղաքական գործիչը: Այլ խոսքով՝ «խնդիրը դրվածքի շուրջ է. կամ Սերժ Սարգսյանն է, կամ Սերժ Սարգսյանը չէ»: Ովքեր այս ծրագրի կողքին են, Արամ Մանուկյանի հարազատներն են:
Tert.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե Սերժ Սարգսյանի թիմից հայտարարում են, որ ԲՀԿ-ն կոալիցիոն կուսակցություն է, ու, եթե ձախողումներ կան, ապա ինքն էլ պատասխանատու, Արամ Մանուկյանն ասաց, որ համաձայն հայտարարությունների՝ կոալիցիան ավարտվում է մայիսի 6-ին և հավելեց. «Ես հավատում եմ, որ այդ քաղաքական ուժը ինքնուրույն միավոր է ուզում դառնալ, լուրջ գործընթաց է իրականացնում և հայտ է ներկայացրել Հայաստանում առանձին, ոչ «շրջակա» քաղաքական ուժ դառնալու: Ես ողջունում եմ իրենց համարձակությունը, առանձին գնալու իրավունքը: Թող գնան, թող մարդիկ իրենց գործն անեն»:
Նշենք, որ կայքերից մեկը հաղորդում է տարածել, թե երեկ Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել է ընդդիմադիր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ համարի՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը: Վերջինս լրագրողների հարցին, թե՝ Սերժ Սարգսյանի՞ն է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, հայտարարել է` «ո՛չ Սերժին, ո՛չ Լևոնին», այլ իր «ավագ եղբոր ընկերներին»:
Արամ Մանուկյանն այս փաստի կապակցությամբ որևէ մեկնաբանություն չունի. «Չեմ կարող ասել»:
Տարբեր տարիներին, տարբեր ձևաչափով ընտրություններին մասնակցած ՀՀՇ վարչության նախագահը, որն իրեն համարում է այս առումով ռեկորդակիր, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին բնորոշ մեկ առանձնահատկություն է առանձնացնում. այսօր կուսացությունների մրցակցությունը գաղափարախոսությունների մրցակցություն չէ, որովհետև, ըստ Արամ Մանուկյանի, քաղաքացուն այլևս չեն հետաքրքրում քաղաքական ուժերի ծրագրերը՝ լիբերա՞լ են, պահպանողակա՞ն, թե՞ կոմունիստակա՞ն:
«Խնդիրն առավել պարզ է և հստակ. Սոցիալականը, արտագաղթը, իրավականը գերիշխել է այնքան, «ծածկել » բոլոր թեմաները, որ ժողովուրդը միայն մեկ բան է ուզում իմանալ: էս արտագաղթը կանգնեցնո՞ւմ ես, էս գները կանգնեցնո՞ւմ ես՝ կամ շարունակում ես»,-ասաց Ա. Մանուկյանը՝ հստակեցնելով, որ տարբերությունը հետևյալն է. կամ իշխանության հետ ես, կամ իշխանափոխության հետ:
Արամ Մանուկյանը վերջին չորս օրերին, շուրջ երեք հարյուր ընտանիքների հետ հանդիպումների ընթացքում, արձանագրել և հաճելիորեն զարմացել է, որ այս անգամ անտարբերների բանակը քիչ է: Ճիշտ է՝ նախկին ակտիվ ընտրազանգվածից շատերն արտագաղթել են, բայց նրանց փոխարեն ակտիվացում տեղի է ունեցել անտարբերների շրջանում: Մանուկյանը նաև մի բան է հասկացել.«Եթե նրանք քո հետ միտինգների, երթի դուրս չեն գալիս, դա ամենևին չի նշանակում, որ ընդդիմադիր չեն»: Այսինքն՝ հանրահավաքի չեն գա, բայց քվեարկության կգնան: Սա հենց այն ընտրազանգվածն է, ում ՀՀՇ վարչության նախագահը բնորոշում է իր մշտական տերմինով՝ խոհանոցային կամ բազմոցային ընդդիմություն:
Արամ Մանուկյանը մանրամասների չտիրապետելով՝ համարձակություն չունի գնահատելու վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերը՝ դրանց հիմքը քաղաքակա՞ն է, թե՞… փոխարենը ասաց, որ սա ընդհանուր դաշտի պատկերն է, որը լցված է հանցագործություններով, որոնց հեղինակները իշխանամետ ու իշխանական թևի ներկայացուցիչներ են:









