Լոս Անջելեսում ոստիկանները ավելի քան 90 կրակոց են արձակել իրավախախտի ուղղությամբ (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի ոստիկաններն այսօր ավելի քան 90 անգամ կրակել են վարորդի վրա, որը հրաժարվել է իրավապահների պահանջով կանգնեցնել ավտոմեքենան և փորձել է թաքնվել: Անհնազանդ վարորդը հրազենային վերքերից մահացել է, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Վուդլենդ Հիլզ շրջանում՝ 101 մայրուղու վրա: Ճանապարհային պարեկները նկատել են, որ Ford Crown Victoria ավտոմեքենայի վարորդը անփույթ վարք է դրսևորում ճանապարհին: Նրանք փորձել են կանգնեցնել իրավախախտին: Սակայն տեղի բնակիչ, ծագումով Աֆղանստանցի, 19-ամյա Աբդուլ Էրիանը (Abdul Arian) որոշել է ոստիկաններից թաքնվել:
Հետապնդման ժամանակ «911» ծառայությունից իրավապահներին տեղեկացրել են, որ հետապնդվողը զինված է: Աբդուլ Էրիանը անձամբ էր հեռախոսով նման հայտարարություն արել նրան կանգնել համոզող «911»-ի աշխատակցին:
Հետապնդումը ավարտվել է 20 րոպե անց, երբ պարեկային ավտոմեքենաներից մեկը խոցել է հետապնդվող մեքենան: Երիտասարդը դուրս է վազել ջարդված մեքենայից և փորձել է թաքնվել, ձեռքերով ցույց տալով, թե ատրճանակ ունի, և մտադիր է կրակել: Երիտասարդի նման պահվածքին ի պատասխան՝ ոստիկանության 8 սպա ոչնչացման կրակ է բացել նրա ուղղությամբ: Էրիանի վրա 90 գնդակի տարափ է հորդել: Երիտասարդ տղան, ով իրականում անզեն էր, տեղում մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, վատ լուսավորված վայրում:
Մահացածի քեռին ԶԼՄ-ներին հայտնել է, որ ճակատագրի բերմամբ Էրիանը պատրաստվում էր Լոս Անջելեսում ոստիկան աշխատել: Դրա համար նա ուսուցում էր անցնում ոստիկանական ակադեմիայում, սակայն դուրս էր մնացել կարգապահական պատճառներով:









