Ձևավորվել են ընտրատարածքային ընտրական բոլոր տեղամասերը

22:02 • 14.04.12

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված գրեթե 2,000 ընտրական տեղամասերն արդեն ձևավորվել են, և արդեն տեղի են ունեցել հանձնաժողովների անդրանիկ նիստերը: Այս մասին այսօր ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստն էլ սկսվեց մեկ րոպե լռությամբ: Բանն այն է, որ երեկ սրտի կաթվածից մահացել է թիվ 25/11 ընտրատարածքային ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Ջուլհակյանը: Նշենք նաև, որ Արայիկ Ջուլհակյանը ներկայացնում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը:

«Պետք է նշել նաև, որ վաղվանից կազմակերպվելու են ընտրատեղամասային հանձնաժողովի անդամների համար դասընթացներ: Դասընթացներում ներգրավված են տարբեր մարդիկ, այդ թվում՝ բուհերի դասախոսներ»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ այսօրվա արտահերթ նիստում առկա էր չորս հարց: Առաջին հարցը վերաբերում էր ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդներ հրավիրելուն: ԿԸՀ այսօրվա նիստում քննարկվել են նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի, Գևորգ Պերկուպերկյանի դիմումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկների դիմումների քննարկումը:

Նիստի ժամանակ որոշվեց, որ միջազգային երկու` «Այ Ֆի Էս» և «Ընտրական համակարգեր փորձագիտական կենտրոն» կազմակերպություններին՝ որպես դիտորդների, հրավիրել Հայաստան: