Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

11:18 • 14.04.12

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա…
Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ:

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծներից է: Նա ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում:

Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:

Զանգեզուրում կա մի գետ,
Որ խոսում է ափի հետ,
Հոսում օրնիբուն...

Ախ, տեսնես ի՞նչ է անում
Ով որ չունի աշխարհում
Հայրենական տուն։

Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա 1937 թ. ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:

Հ. Սահյանը հայ բանաստեղծության այն սերնդի ներկայացուցիչներից էր, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ճակատագրի բերումով նրան վիճակված էր գրական մկրտություն ստանալ հենց պատերազմի դաշտում: Հայրենասեր զինվորն ու բանաստեղծը մասնակցելով պատերազմին անմիջականորեն է զգացել ու ապրել պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը: Բայց անգամ թնդանոթի ու արկերի պայթյունների ներքո բանաստեղծի հոգում լսելի էր հայրենի բնության կանչը: Եվ ամենևին պատահական չէր, որ 1944թ. լույս տեսավ Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը զինվոր-բանաստեղծի` հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի ու նաև հաղթանակի հանդեպ ունեցած հավատի երգն է:

Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Համո Սահյանի առաջին գիրքը` բանաստեղծությունների ժողովածուն՝ «Որոտանի եզերքին» տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում է Սահյան բանաստեղծի սերը հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Սահյանը գունագեղ ու խոսուն պատկերներով կերտում է հայրենի բնության ու հայ մարդու բանաստեղծական կերպարը:
Սահյանը քնարերգության մեջ կատարյալ բնանկարիչ է:

Այնուհետ, մեկը մյուսի հետևից լույս են տեսնում բանաստեղծի մյուս ժողովածուները` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Քարափների երգը», «Սեզամ, բացվիր» և այլն:

Նրա բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր հիշատակները:

Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում:
Հ.Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ նա մեկն է մեր սիրված ու ժողովրդականություն վայելող բանաստեղծներից: