Հմայակ Հովհաննիսյանի մեքենան կողոպտվել է և դարձել անշարժունակ
Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունը հայտնում է, որ սույն թվականի ապրիլի 14-ին կողոպտվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի Գազ 31 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան: Ըստ հաղորդագրության, այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում: Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրել է ոստիկանություն հաղորդում հանցագործության մասին, սակայն Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել և մեքենայի անվտանգությունը նոր կողոպուտից ապահովագրելու և ոչ մի երաշխիք սեփականատիրոջը չի տալիս:
Հմայակ Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ կողոպուտը միանշանակ կապում է ԱԺ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու նախաձեռնության հետ։ Ավելի մանրամասն Հմայակ Հովհաննիսյանը խոստացավ խոսել երեքշաբթի օրը հրավիրվելիք մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ ապրիլի 4-ին ստորագրվեց ԱԺ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագիր, որի նկատմամբ ավելի ուշ վերապահումներ արտահայտեց «Ժառանգություն » կուսակցությունը՝ պահանջելով քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունը։









