Զատիկի տոնին Իրանում 12 քրիստոնյա է դատապարտվել` «իսլամից հեռանալու» մեղադրանքով
Ապրիլի 8-ին` Քրիստոսի Հարության տոնին, Իրանի ավետարանական եկեղեցու 12 անդամ է դատապարտվել «իսլամից հեռանալու» մեղադրանքով: «Հավատուրացների» դատավճռի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, այս մասին հաղորդում է FoxNews պարբերականը:
Կասպից ծովի իրանական ափին գտնվող Բանդար Անզալի քաղաքի ավետարանական քրիստոնյաների խումբը, որին ավելի վաղ նմանատիպ մեղադրանք էր ներկայացվել, մեկ տարի առաջ արդարացվել էր:
«Իրենց դատապաշտպանը պնդում էր, որ նրանք օրենքով թույլատրված կրոնական ծես են կատարել», - ասել է Ջեյսոն ԴեՄարսը` (Jason DeMars) ամերիկյան քրիստոնեական «Present Truth Ministries» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, ով պարբերական շփում ունի իրանական ավետարանականների հետ:
«Այս ամենը միայն ապացուցում է այն, որ Իրանում քրիստոնյա լինելն անօրինական է: Անկախ այն բանից, թե ինչքան բաց ու թափանցիկ են իրենց գործնեության մեջ եկեղեցու հովիվը և եկեղեցին: Քրիստոնյաներին դատում են միայն այն բանի համար, որ իրենք քրիստոնեություն են դավանում», - ասել է Ջեյսոն Դե Մարսը:
Չնայած նրան, որ իրանական սահմանադրությունն ի ծնե իրենց կրոնը դավանող կրոնական փոքրամասնություններին պաշտպանում է, նախորդ տարի բոլոր փոքրամասնությունները (քրիստոնյաներ, զրադաշտներ, հուդայականներ) հայտնել են իրենց համայնքների հանդեպ ճնշումների ուժեղացման մասին: Հատկապես շատ են պետական պաշտոնյաների և «հեղափոխության պահապանների» կողմից իրականացվող բռնաճնշումները:









