Մերձավոր Արևելքում քրիստոնյաները կարող են վերանալ. պատրիարք Կիրիլ

20:10 • 14.04.12

Մերձավոր Արևելքում իրավիճակը քրիստոնյաների համար վտանգավոր զարգացում է ստանում, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` ուկրաինական «Առաջին ազգային» հեռուստաալիքին տված իր այսօրվա հարցազրույցում:

«Ինձ առավել անհանգստացնում է այն, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում իշխանության են գալիս իսլամի ծայրահեղական մասը ներկայացնող մարդիկ, և դա քրիստոնեական փոքրամասնության համար անչափ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ», - ասել է պատրիարքը:

Նա բացատրել է, որ որոշ երկրներում, որտեղ նման ուժերն են գրավում իշխանությունը, քրիստոնյաների հանդեպ հետապնդումներ են սկսվում: Խնդրի հիմքում այն է, որ շարիաթը դառնում է օրենսդրության հիմք, իսկ շարիաթի օրենքներին անպատրաստ քրիստոնյաները դառնում են ճնշվող փոքրամասնությունը: Ըստ պատրիարքի՝ դա միայն խնդրի մեկ կողմն է:

Մյուս խնդրահարույց հարցը քրիստոնյաների սպանությունն ու նրանց ունեցվածքի և եկեղեցիների հրդեհումներն են:

«Նախկինում Մերձավոր Արևելքում այս երևույթները բացակայում էին: Ինչպես էլ որ մենք վերաբերենք այն ռեժիմներին, որոնք տապալվեցին, նրանք միջկրոնական խաղաղություն էին պահպանում», - պարզաբանել է պատրիարք Կիրիլը:

«Եթե քաղաքական իրավիճակի փոփոխությունը բերի նրան, որ արմատական, ծայրահեղական իսլամիստները իշխանության գան, ապա մենք կկորցնենք քրիստոնեական Մերձավոր Արևելքը: Արդեն այսօր մենք տեսնում ենք այդ տարածաշրջանից քրիստոնյաների զանգվածային արտահոսքը», - պատմել է Կիրիլը: