Ժողովրդի համար հաստատելու ենք արժանավայել կյանք. Րաֆֆի Հովհաննիսյան

00:15 • 14.04.12

«Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Արագածոտնի մարզի Ապարան, Քուչակ, Մուղնի, Կոշ, Ուջան, Բյուրական, Ագարակ, Օշական, Ոսկեվազ, Աշտարակ, Պռոշյան բնակավայրեր ուր հանդիպեցին ընտրողների հետ: Այս մասին հաղորդում են «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում ելույթ ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» ցուցակի այլ անդամներ՝ Կարապետ Ռուբինյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը, Կրիստինե Թամարյանը:

Հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մայիսի 6-ին առաջին անգամ Հայաստանի պատմության անհավանականը կդառնա հավանական, փոքրամասնությունը ի դեմս «Ժառանգության» կդառնա մեծամասնություն, իսկ մեծամասնությունը՝ փոքրամասնություն: «Եվ կտեսնեք, թե որքան հեշտ ենք մենք իրավիճակ փոխելու և ժողովրդի համար հաստատելու արժանավայել կյանք»: Նա նաև բարձր է գնահատել «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը անցած 5 տարիների ընթացքում, նշելով, որ նրանք միշտ եղել են ժողովրդի կողքին, լուծել թե առանձին քաղաքացիների և թե ամբողջ խմբերի խնդիրները:

Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով սոցիալական և տնտեսական խնդիրներին ասաց. «Ոնց որ այս 5 տարիների ընթացքում տեր ենք կանգնել 2007-ին տված մեր խոստումներին, այնպես էլ շարունակելու ենք դա անել նոր խորհրդարանում: Ձևավորելով նոր իշխանություն մենք վերացնելու ենք ստվերը և բյուջե չվճարված, կամ այնտեղից գողացված միլիարդները վերադարձնելու ենք ժողովրդին բարձր թոշակների և արժանապատիվ աշխատավարձերի տեսքով»:

Խոսելով ազատ և արդար ընտրություններ ապահովելու մասին՝ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը նշեց. «Հիմա ընտրարշավը դեռ չսկսած՝ գզիրներն ընկել են տնետուն, անձնագրերը հավաքում են, կաշառք են բաժանում ու եկել են՝ մեզ ասում են, որ նման բաներից հեռու ենք, ասում են՝ եկեք շտաբ ստեղծենք, որոշենք, որ արդար ընտրություններ են լինելու»: