ՀԱԿ թեկնածուն ԵԱՀԿ դիտորդներին դժգոհել է մրցակցային «անհավասար» պայմաններից
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ–ից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Օսիլ Ֆալքի եւ Սկանդեր Բեն Մամիի հետ, ովքեր պատասխանատու են Երեւանի հյուսիս-արեւելյան հատվածում ընտրությունների անցկացման դիտարկման համար:
Ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է թիվ 2 ընտրատարածքում ընտրարշավի ընթացքի հետ կապված իր նկատառումներն ու մտահոգությունները: Նա հերքել է ՀՀԿ-ից առաջադրված մրցակից թեկնածուի (Սամվել Ֆարմանյան) հավաստիացումներն այն մասին, թե իրավահավասար պայմաններ են ստեղծվել երկու թեկնածուների քարոզարշավի համար:
Վլադիմիր Կարապետյանը մատնանշել է, որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մասնավոր ընկերությունը, պատճառաբանելով, թե անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվություն, ձգձգում է գովազդային վահանակի տրամադրումը ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուին: Անգամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված Վլադիմիր Կարապետյանի շտաբի բողոքները բավարարվելու դեպքում չի վերականգնվում այն ժամանակը, որը կորցնում է ընդդիմադիր թեկնածուն եւ շահում է իշխանական թեկնածուն:
Վլադիմիր Կարապետյանը ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունը հրավիրել է նաեւ այն փաստի վրա, որ իշխանական թեկնածուն գործի է դնում վարչական ռեսուրսները: Մասնավորապես Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային ժամերին իշխանական թեկնածուի համար տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում մանկապարտեզների, դպրոցների եւ հիվանդանոցների տարածքներում:
Ամփոփելով հանդիպումը` Վլադիմիր Կարապետյանը շեշտադրել է, որ չնայած անհավասար պայմաններին, իր թիմի հետ միասին տանում է ակտիվ քարոզչություն եւ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել` հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար:









