Ասադի զորքը կրկին հրետակոծում է Հոմսը. Sky News
Սիրիացի ակտիվիստներն այսօր հայտնել են, որ կառավարական զորքն այսօր ևս շարունակում է Հոմս քաղաքի հրետակոծությունները` խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, հայտնում է Sky News-ը:
Սիրիացի իրավապաշտպանների հաղորդմամբ` քաղաքի` զինված ընդդիմության հսկողության տակ գտնվող թաղամասերն առավոտից հրետակոծվում են մոտ 6 րոպեն մեկ պարբերականությամբ:
Հոմսի բնակիչները շաբաթ նույնպես հայտնել էին 2 թաղամասի հրետակոծման մասին: Նախնական տվյալներով` երեկվա գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 7 մարդ:
Ընդդիմության Սիրիական ազատ բանակի ու նախագահ Բաշար ալ Ասադի զորքի միջև հրադադարը հաստատվել էր հինգշաբթի, ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի շրջանակում, որն ուղղված է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Անանի ծրագիրը հավանության էր արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Ի դեպ, ԱԽ-ն շաբաթ հավանության է արժանացրել նաև Սիրիա ոչ զինված դիտորդական խումբ ուղարկելու մասին բանաձևը: Առաջին խումբը երկիր կժամանի այսօր:
Սիրիայում նախորդ տարվա մարտից սկսված բողոքի ցույցերը վերաճել են Ասադի զորքի ու ընդդիմության միջև բախումների: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 9.000 մարդ:









