Իրանը գոհ է «վեցյակի» հետ 10 ժամ տևած հանդիպման արդյունքներից

11:06 • 15.04.12

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին շաբաթ Ստամբուլում միջնորդ «վեցյակի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իսլամական պետության իշխանությունները գոհ են միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններից:

«Բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել: Իհարկե, եղել են տարակարծություններ, սակայն կարևորն այն պահերն են, որոնց ժամանակ մենք համաձայնության ենք եղել»,- 10 ժամ տևած բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ջալիլին` հույս հայտնելով, որ բանակցությունների հաջորդ «ռաունդն» առավել պտղաբեր կլինի:

Ստամբուլյան հանդիպմանը «վեցյակի» պատվիրակությունը  գլխավորել է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նա հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Իրանի հետ երկխոսության շարունակությունը և ընդգծում դրա կառուցողականությունը:

Էշթոնը նաև հայտնել է, որ Իրանի ու «վեցյակի»` Գերմանիայի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի մայիսի 23-ին, Բաղդադում: