Կիմ Չեն Ընը պապի ծննդյան առթիվ առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

10:22 • 15.04.12

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև` ընդունելով իր պապի` Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, առաջնորդի ճառը երկրի ռազմական հզորության ամրապնդմանն ուղղված կոչ է պարունակել: Երիտասարդ առաջնորդի ելույթը տևել է մոտ 20 րոպե:

Հայրենասիրական քայլերթով Փհենյանի կենտրոնական հրապարակով անցել են հոբելյարի լուսանկարով ռազմական տեխնիկան ու Կորեական ազգային բանակի բազմաթիվ զորագնդեր:

Ցուցադրվել է նոր հրթիռ, որը, ըստ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի մասնագետների, իր չափերով գերազանցում է Հյուսիսային Կորեայի սպառազինությունների նմանատիպ հրթիռներին:

Սակայն մասնագետները դժվարացել են պատասխանել, թե ինչ հրթիռ է այն, հայտնելով միայն, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզ կդառնա` այն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, թե ոչ:

Օրերս Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեան հրթիռ էր արձակել, որով Երկրի ուղեծիր պետք է հասցվեր արհեստական արբանյակ, որը, սակայն, կործանվել էր արձակումից րոպեներ անց:

Այս անհաջող թռիչքը, սակայն, չի ազդել երկրում տիրող տոնական մթնոլորտի վրա: Այս օրերին տոնական համազգեստներով են շրջում նաև դպրոցականներն ու ուսանողները, որոնք ծաղիկներ են դնում Սենի արձանների մոտ:

Երկրով մեկ անցկացվում են հանդիսավոր հավաքներ, համերգներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ:

Բացի այդ, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Փհենյանում բացվել է հոբելյարի անվանական ծաղկի` կիմիրսենի ցուցահանդես, որոնք զարդարում են առաջնորդի լուսանկարները: