Պակիստանում գրոհայիններն ազատ են արձակել ավելի քան 400 կալանավորի
Պակիստանում մի խումբ գրոհայիններ հարձակվել են Բանու քաղաքի գլխավոր բանտի վրա ու ազատ արձակել ավելի քան 400 կալանավորի, հայտնել են երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Vz.ru-ի տվյալներով` գրոհայինները նռնականետեր են նետել բանտի ուղղությամբ: Հարձակման ընթացքում գրոհայինների ու անվտանգության աշխատակիցների միջև կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Քաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ փախուստի դիմած կալանավորներից ոմանք ծայրահեղական գրոհայիններ են:
Հարձակման ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ սերտ կապեր ունեցող «Տեհրիկ-ի-Տալիբան Պակիստան» պակիստանյան թալիբների շարժումը, որոնք իրագործել են մի շարք ահաբեկչություններ:









