Վախճանվել է ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշիկովը
Անցյալ գիշեր մոսկովյան հիվանդանոցում 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշիկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Պորոխովշիկովը հոսպիտալացվել էր մարտի 6-ին: Շաքարախտի ֆոնին դերասանի մոտ փտախտ (գանգրենա) էր սկսվել, ինչի հետևանքով անդամահատվել էր նրա ոտնաթաթը:
Հիվանդանոցում դերասանը թոքաբորբորվ է հիվանդացել, ինչից հետո սրտի նոպայով տեղափոխվել սրտաբանական բաժանմունք, որտեղ էլ ինսուլտ էր ստացել:
Օրեր անց` մարտի 10-ին, դերասանի կինը կախված էր հայտնաբերվել մոսկովյան իրենց բնակարանում: Նրա մոտ հայտնաբերվել էր երկտող, որտեղ դերասանի կինը խնդրել էր ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ:
«Առանց Սաշայի ես ապրել չեմ կարող և չեմ անի: Ես սիրում եմ նրան և կլինեմ միայն նրա հետ. Իրինա Պորոխովշիկովա»,- գրել էր դերասանի կինը:
Պորոխովշիկովը նկարահանվել է «Վառվիր, Վառվիր, իմ աստղ», «Յուրայինն օտարների, օտարը յուրայինների մեջ», «Կապիտան Նեմո», «Վորոշիլովյան հրաձիգը» և այլ հայտնի ֆիլմերում:










