Այս գիշերը Սատուրնը դիտելու ամենահարմար պահն է

16:57 • 15.04.12

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը կլինի Արեգակնային համակարգի ամենագեղեցիկ մոլորակներից մեկը` Սատուրնը դիտելու` այս տարվա ընթացքում ամենահարմար ժամանակը: Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը և ավելացնում, որ երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Սատուրնի միջև, և Սատուրնի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն):

«Դիմակայությունը» տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և դրանցից մեկի միջև: Օրինակ Սատուրնի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 շաբաթ ուշացումով:

Սատուրնը շատ հեշտ է գտնել, քանի որ այն ներկայումս գտնվում է Կույսի համաստեղության ամենապայծառ աստղի` Սպիկայի մոտակայքում և բավական հարմար կլինի դիտելու համար ամբողջ ապրիլի և մայիսի ընթացքում: Այս օրերին Սատուրնը երեկոյան ծագում է արևելքից արևամուտի պահին և մայր է մտնում արևմուտքում արևածագի պահին, այնպես որ այն տեսանելի կլինի ողջ գիշեր: Լինելով բավականին մոտ, Սատուրնը կերևա շատ պայծառ: Նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կամ հեռադիտակով լավ երևում են Սատուրնի օղակները, որոնք նրա ամենագրավիչ առանձնահատկությունն են:

Սատուրնը Արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է. չափերով զիջում է միայն Յուպիտերին, տրամագծով Երկրից մեծ է 9.5 անգամ, զանգվածով` 95, իսկ խտությամբ փոքր է 8 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է մոտ 1200-1650 միլիոն կմ սահմաններում: Մակերևույթի միջին ջերմաստիճանն է Ցելսիուսի -176 աստիճան: Ունի 62 արբանյակ, որոնցից միայն 13-ն ունեն 50 կմ-ից մեծ տրամագիծ. նրանցից հատկապես հայտնի են Տիտանը (Արեգակնային համակարգի մոլորակների խոշորագույն արբանյակներից մեկը), Միմասը, Էնցելադուսը, Թետիսը, Դիոնան, Ռեան և Հապետուսը: