«Տիտանիկ»-ի ուղևորների ժառանգները հարգել են զոհերի հիշատակը ողբերգության վայրում

17:21 • 15.04.12

100 տարի առաջ ապրիլի 14-ին Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտանիկ» նավի անձնակազմի ու ուղևորների ժառանգներն այսօր աղետի վայրում հարգել են զոհերի հիշատակը:

Հիշատակի արարողությունը կայացել է բրիտանական Balmoral ճամփորդական նավի վրա, այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է BBC հեռուստաալիքով:

1912 թ. ապրիլի 10-ին անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից Նյու Յորք ուղևորվող նավը 4 օր անց՝ ապրիլի 14-ին, բախվել էր սառցաբեկորի և 2 ժամ 40 րոպեի ընթացքում խորտակվել։ Նավում եղել էր 2.224 մարդ, որից միայն 710-ն էին փրկվել (զոհերի թիվը՝ 1.514)։ Տիտանիկը համարվում էր ժամանակի ամենաապահով և ամենաշքեղ զբոսանավը։

Արարողությունը սկսվել է հենց այն ժամին, երբ «Տիտանիկ»-ը բախվել էր սառցաբեկորին:

Ամերիկյան կողմից ողբերգության վայրին է մոտեցել ևս մեկ ճամփորդական նավ` Azamara Journey-ը, որի վրա ևս գտնվել են զոհերի ժառանգներն ու հարազատները:

Balmoral-ը դեպքի վայր էր ուղևորվել ապրիլի 8-ին: