Կհրապարակվի Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայերի մասին տեղեկանք՝ կազմված 22 հատորից
Հայաստանի ազգային արխիվը ծրագրում է հրապարակել դեռևս 1918թ.-ին մշակված մի տեղեկանք, որտեղ նշված են եղել Հայոց ցեղասպանության հետևանքով կրած թե՛ մարդկային ռեսուրսների և թե՛ նյութական արժեքների կորստի չափերը: Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, խոսելով առաջիկայում հրապարակվելիք գրքի մասին, նշեց, որ գիրքը կազմված կլինի 22 հատորներից:
«1918թ-ին գրի են առնվել 29 հազ. մարդու տեղեկանք՝ նրանց ծննդյան վայրի, տարեթվի մասին: Սա նպատակ է ունեցել հետագայում Թուրքիայից փոխհատուցում պահանջել: Տեղեկանքների մեջ տեղ են գտել նաև ցեղասպանություն իրականացնող ջոկատների առաջնորդների անունները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր պաշտպանել են հայերին»,-ասաց նա:
Ազգային արխիվի տնօրենի հավաստմամբ՝ Արխիվի աշխատակիցները այս շրջանում փորձում են գտնել այն հիմքերը, որով կիմանան, թե Արևմտյան Հայաստանում կաթողիկոսությունները ինչ ունեցվածք ու հարստություն են ունեցել: Ըստ նրա՝ տարբեր արխիվներում կան վկայություններ, բայց այս պահին փնտրում են ավելի շատ փաստեր:
«Վատիկանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Օսմանյան Թուրքիայում, ուներ դիվանագետ և այն օրերին էլ ամեն շաբաթ տեղեկություն էր հայտնում Հռոմի պապին կատարվածի մասին: Նա նաև տեղեկություն է հայտնել գաղթի, տեղահանման, ջարդերի մասին, դրանք ևս օգտագործվելու են տարբեր գրքերի հրատարակման համար»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:









