Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

12:45 • 16.04.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Բակո Սակայանը նախ ոստիկաններին շնորհավորել է մասնագիտական տոնի եւ Ոստիկանության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ և ասել, որ ինքը նախեւառաջ գլուխ է խոնարհում Արցախյան ազատամարտում և իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս նահատակված բոլոր ոստիկանների հիշատակի առջեւ և հավերժ փառք ու պատիվ մաղթել այդ երախտավորներին:

«Այս օրը եւս մեկ առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգում, ընդհանուր առմամբ, իրականացվել են զգալի դրական փոփոխություններ ու տեղաշարժեր:

Առաջին հերթին կուզենայի նշել այն փաստը, որ 2011 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 99-ով: Հանրապետությունում 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը շարունակաբար նվազում է եւ կազմել է 25,6` 2010 թվականի 33-ի դիմաց: Սա համաշխարհային մասշտաբով ամենացածր ցուցանիշներից է, ինչը վկայում է մեր երկրում հասարակական անվտանգության բարձր մակարդակի մասին»,– ասել է նա:

Բակո Սահակյան նաև նշել է, որ գոհացուցիչ է հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշը` շուրջ 91 տոկոս, սակայն ավելացրել, որ անհրաժեշտ է էլ ավելի հետեւողական աշխատանք տանել այդ ցուցանիշը, ինչպես նաեւ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ կան նաեւ չբացահայտված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, ինչը անթույլատրելի է:

«Որպես առաջնային խնդիր պետք է դիտվի լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումը: 2011 թվականին 2010-ի համեմատությամբ այս ցուցանիշը 16 դեպքով աճել է: Սակայն այստեղ անելիքներ դեռեւս շատ կան:

Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է հետեւողական աշխատանք տանել առաջին հերթին հանցագործությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ: Այս համատեքստում կարեւոր է ընդլայնել ու ավելի խորացնել համագործակցությունը ինչպես ոստիկանության ստորաբաժանումների միջեւ, այնպես էլ համապատասխան այլ կառույցների հետ: Առանցքային է նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու այլ պետական մարմինների հետ կապերի սերտացումը»– ասել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանն այնուհետւև նշել է, որ խնդիրներ կան ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում, որոնք մեծապես կապված են նաեւ երթեւեկության ինտենսիվության շարունակական աճի, ճանապարհների թողունակության հետ:

«Ես իրազեկված եմ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման եւ անվտանգ երթեւեկության ապահովման ուղղությամբ տարված ծավալուն աշխատանքների մասին: Սակայն այստեղ դեռեւս կան չլուծված խնդիրներ, ինչի մասին է խոսում նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի զգալի աճը: Անհրաժեշտ է ոլորտում իրավիճակը շտկելու նպատակով անցկացնել համալիր միջոցառումներ:

Ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը մեծապես կախված է կադրային ճիշտ քաղաքականությունից, այդ թվում` կարգապահության, կադրերի ընտրության եւ ճիշտ տեղաբաշխման հարցերից: Այդ ուղղությամբ պետք է տանել շարունակական աշխատանք:

Ամբողջ կառույցի եւ յուրաքանչյուր ոստիկանի սկզբունքային ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ են նաեւ մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, պաշտպանվում քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրանք մեր պետության կենսագործունեության այն կարեւորագույն ոլորտներից են, որոնք մշտապես գտնվում են թե իշխանությունների եւ թե հասարակության ուշադրության կենտրոնում: Եվ բնական է, որ այստեղ առկա ինչպես դրական միտումները, այնպես էլ բացթողումներն ու թերացումներն անմիջապես համապատասխան արձագանք են ստանում բնակչության կողմից: Այդ իսկ պատճառով ոստիկանության աշխատակիցներին ներկայացվող պահանջներն ավելի խիստ են ու կտրուկ:

Ուզում եմ վստահ լինել, որ ոստիկանության ղեկավարությունը եւ յուրաքանչյուր ծառայող այսուհետ էլ կանեն հնարավորը դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար: Իսկ պետության կողմից համակարգի նկատմամբ ցուցաբերվող հոգածությունը լինելու է շարունակական եւ կրելու է հետեւողական բնույթ»,– ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: