Բաթումիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ապրիլի 14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացել է «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:
Այնուհետև Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրել են գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով: Միջոցառումը լուսաբանվել է տեղական հեռուստաալիքներով:









