Բրեյվիկն արտասվել է իր իսկ պատրաստած տեսահոլովակը դիտելիս

16:20 • 16.04.12

Նորվեգիայում այսօր առավոտյան սկսվել է 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատավարությունը: Նախորդ տարվա հուլիսի 22-ին նա ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա: Կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ինչպես հաղորդում է vz.ru-ն, դատական նիստում Բրեյվիկը, բարձրացնելով ձեռքը, նացիստական ողջույն է հղել ներկաներին և հայտարարել, որ իրեն մեղավոր չի համարում, ինչպես նաև պահանջել է, որպեսզի իր գործը քննի ռազմական տրիբունալը:

Իսկ երբ ցուցադրվել է իր իսկ պատրաստած տեսագրությունը, որը նա տեղադրել էր YouTube-ում ահաբեկչությունների նախօրեին, ահաբեկիչն այնպես է հուզվել, որ սկսել է արտասվել:

12- րոպեանոց տեսագրության մեջ նշվում է «մշակութային մարքսիզմի» ու իսլամի, ինչպես նաև ողջ արևմտյան քաղաքակրթության սպառնալիքի մասին:

«Մինչ մեր խաչակրաց արշավանքը սկսելը, մենք պետք է ստեղծենք մշակութային մարքսիզմ»,- ասվում է տեսագրության վերջում, ինչից հետո երևում է Բրեյվիկի նկարը` ինքնաձիգը ձեռքին:

Տեսագրության ցուցադրությունից հետո, նիստն ընդմիջվել է:

Դատական նիստում որպես վկա է հանդես գալիս մոտ 100 մարդ: Նրանցից 46-ն Ուտոյա կղզում իրականացված սպանդից փրկվածներ են, 15-ը` Օսլոյի կառավարական թաղամասի պայթյունից փրկվածներ, 29 վկա էլ հանդես է գալիս պաշտպանական կողմից: Նրանք պետք է ցուցմունքներ տան 16 օրվա ընթացում:

Որպես մեղադրող կողմ է հանդես գալիս ավելի քան 770 մարդ (զոհերի հարազատները, տուժողները), որոնց շահերը պաշտպանում են 120 դատապաշտպաններ և մոտ 150 վկա:

Նախնական տվյալներով` դատական գործընթացը կտևի 10 շաբաթ: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը:

Եթե դատարանը Բրեյվիկին մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար): Իսկ եթե ոչ, ապա նա ցմահ կուղարկվի հոգեբուժարան: