Չինաստանի հայտնի քաղաքական գործչի կինը թունավորել է իր բրիտանացի սիրեկանին. մամուլ

11:47 • 16.04.12

Չինաստանում բնակվող բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդին հնարավոր է` թունավորել են ցիանական կալիումը, հայտնում է BBC-ն` վկայակոչելով չինական Boxum լրատվական կայքին:

Մեծ Բրիտանիայի 41-ամյա քաղաքացու գաղտնի սպանությունը նախորդել է չինացի հայտնի քաղաքական գործիչ Բո Սիլայի պաշտոնանկությանը: Գործարարը շաբաթներ առաջ մահացած էր հայտնաբերվել Չունցինի հյուրանոցներից մեկում: Այն ժամանակ հաղորդվում էր, որ նա մահացել է ալկոհոլային թունավորումից, չնայած վերջինիս ծանոթները վստահեցնում էին, որ նա երբեք այդքան չի խմել:

Բրիտանական կառավարության խնդրանքով հետաքննությունը վերսկսվել էր, և ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ բրիտանացին սպանվել է, իսկ սպանության մեջ գլխավոր կասկածյալը Բո Սիլայի կինն է` Հու Կայլայը, ով գործարարի հետ եղել է սիրային հարաբերությունների մեջ:

Սակայն թե ինչից է մահացել բրիտանացին, չինական ոստիկանությունը մինչ այսօր հրապարակայնորեն չի հայտարարում:

Բրիտանական մամուլն ակտիվորեն տարածում է Չունցինի չինովնիկներից մեկի խոստովանությունն այն մասին, թե հենց ինքն է Բո Սիլայի կնոջ համար ձեռք բերել թույնը:

Հայտնի է դարձել, որ Հեյվուդի մահից ընդամենը 2 օր անց Հու Կայլայը հանդիպել է բրիտանացու այրու` Վան Լուի հետ, ինչից հետո վերջինս հրաժարվել է գործի բացահայտումից` հայտարարելով, որ իր ամուսինը մահացել է ալկոհոլային թունավորումից:

Միևնույն ժամանակ «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ գործարարի մահը «ոչ մի կապ չունի այսպես կոչված «քաղաքական պայքարի» հետ, որի ժամանակ պաշտոնաթող արվեց երկրի ամենահեռանկարային քաղաքական գործիչներից մեկը համարվող Բո Սիլայը»: