Դինքի գործով նախկին դատավորին կդատեն կաշառակերության համար

10:46 • 16.04.12

Թուրքիայի Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը Հրանտ Դինքի գործով նախկին դատավոր Էրքան Ջանաքին «կաշառք վերցնելու» մեղադրանքով դատական հետապնդում սկսելու թույլտվություն է տվել:

Էրքան Ջանաքի դեմ հետաքննություն էր սկսվել և հիմա դատական գործ սկսելու որոշում է կայացվել: Նրա դեմ գործ կհարուցվի «Պաշտոնական անձանց անհարիր, հանրության վստահությունը խախտող արարքներ կատարելու և կաշառք վերցնելու մեղադրանքով»:

Եթե մեղադրանքը հաստատվի, Ջանաքն այլևս փաստաբանական գործունեություն ծավալել չի կարողա:

Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2010 թ-ին և այդ ժամանակ Ջանաքի պաշտոնավարման տեղն էր փոխվել:

Էրքան Ջանաքի անունը կապվում էր նարկոբարոն համարվող Մահմութ Չելիքի անվան հետ: Գաղտնազերծվել էր նրա հեռախոսազրույցը մեկ այլ դատավորի հետ, որտեղ Ջանաքն ասել էր, որ 200 կգ թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալված նարկոբարոնին արդարացնելու համար իրեն սպառնում են:

«Եթե այսպես շարունակվի, գնալու եմ Արդարադատության նախարարություն և ամեն ինչ պատմեմ»,- ասել էր նա: