Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բելառուսի իր պաշտոնակցին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 16-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի իր պաշտոնակից Սերգեյ Մարտինովին։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել համագործակցության տարբեր բնագավառներում:
Նախարարն ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար, եւ վստահություն է հայտնել, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:
Նախարար Մարտինովը, շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար, իր հերթին եւս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:
Երկուստեք շեշտվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, տնտեսական փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են նաեւ մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:









