Գայանե Առուստամյանը պահանջում է ԿԸՀ-ից հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը
Երեկ թիվ 1 ընտրատարածքի թեկնածու Գայանե Առուստամյանը իր շտաբի ղեկավարի, «ժողովրդի իշխանություն» նախաձեռնության առաջնորդ Զոյա Թադևոսյանի և այլ կանանց հետ գնացել է Հարավ Արևմտյան թաղամաս՝ օգնելու Նիկոլ Փաշինյանին նախընտրական քարոզչություն իրականացնելու: Քարոզչության ընթացքում նրանց վրա է հարձակվել Առուստամյանի, իսկ խոսքերով՝ «ավազակային մի խումբ»:
«Նրանք հարձակվեցին մեզ վրա և սկսեցին քաշքշել, ինձ էլ են հարվածներ հասել: ԿԸՀ-ից պահանջում ենք արձագանքել միջադեպին և հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը, քանի որ այդ ամենը կազմակերպված էր հենց նրանց կողմից»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ ավազակային խումբը կազմված է եղել 10-15 հոգուց, որոնց թվում եղել է նաև Սամվել Ալեքսանյանի վարորդը, ինչը, ըստ նրա, երևում է «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած տեսանյութում:
«Այն հայտարարությունը, թե իբր ընտրությունները տեղի են ունենալու իրավահավասար պայմաններում, անհիմն են, և այս միջադեպը գալիս է փաստելու, որ դա հերթական կեղծիք է: Ես հայտարարում եմ, որ այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,-ասաց նա:
Թեև դեպքի մասին հաղորդագրությունը արդեն ՀՀ Ոստիկանությունում է, սակայն Գայանե Առուստամյանը չի ապավինում նրանց, քանի որ ըստ նրա, այսօր ոստիկանությունը երեկ իրենց վրա հարձակված խմբից տարբերվում է միայն նրանով, որ նրանք համազգեստով են:
Նա նկատեց, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին նման միջադեպեր կատարվում էին ընտրությունների օրերին, իսկ այս անգամ ընտրական շրջանում:









