Լույս կտեսնեն Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայությունները

15:01 • 16.04.12

Այս տարվա մայիսին Հայաստանի ազգային արխիվը հրապարակելու է երեք հատորից կազմված «Վշտապատում» գիրքը, որտեղ ներառված կլինեն Հայոց ցեղասպանությունից փրկվածների` 1916թ-ի վկայությունները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ 1916թ-ին մարդիկ շրջել են այն տարածքներում, ուր գտնվել են հայ գաղթականներն ու գրի առել ութից մինչև հարյուր տարեկան անձանց պատմածները:

«Նրանք պատմում են, թե ինչ է կատարվել իրենց բնակավայրերում, ինչպիսի ջարդ է իրականացվել, ինչպես են տղամարդկանց սպանել, կանանց բռնաբարել, ինչպես են վարվել երեխաների հետ: Մենք ունենք մոտ հազար փաստաթուղթ»,- ասաց Ամատունի Վիրաբյանն ու հավելեց, որ արդեն ունեն այդ վավերագրերի հրապարակման համար անհրաժեշտ գումարը, որն ստացվել է ինչպես պետբյուջեից, այնպես էլ մոսկվայաբնակ հայազգի բարերարներից:

Ա. Վիրաբյանը նաև նշեց, որ եռահատորյակը կազմելիս միայն դժվարություն են ունեցել տեղանունների հարցում:
«Իրենց տեսածը պատմել են արևմտահայերը, բայց գրի են առել արևելահայերը, որոշակի խնդիր հենց այդ պատճառով է առաջանում: Մենք ցանկացել ենք, որ պահպանվի պատմողի և տեղի լեզվական առանձնահատկությունները: Այդ պատճառով աշխատանքներում ընդգրկել ենք լեզվաբանների»,- ասաց նա:

Հարցին, թե՝ արդյո՞ք, գիրքը կարող է արժեք ներկայացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց. «Երբ մենք ասում ենք, որ զոհվել է 1.5 մլն հայ, դա երբեմն ոչինչ չի նշանակում, բայց երբ կան 16 թվականի վկայությունները, ապա այն ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդու վրա: Այս փաստաթղթերից պարզորոշ երևում է նաև Ցեղասպանության իրականացման մեխանիզմը»,-ասաց նա:

Ազգային արխիվի տնօրենը նաև տեղեկացրեց, որ պլանավորվում է գրքի երեք հատորները թարգմանել թուրքերեն, ռուսերեն և այլ լեզուներով՝ աշխարհին ներկայացնելու համար: Դրանք տեղ են գտնելու նաև համացանցում:

Բացի այս երեք հատորներից, տպագրվելու է նաև չորրորդը, որը պատմելու է Կիլիկիայի դեպքերի և հայաթափության մասին: