ԱՍՀ նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն երկու համաձայնագիր ստորագրեցին

11:49 • 16.04.12

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակը ստորագրեցին երկու համաձայնագիր, որոնց շրջանակում վերջինս աջակցություն կտրամադրի նախարարության՝ «Կենսաթոշակային իրազեկումն ու ֆինանսական կրթությունը Հայաստանում» և «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը Հայաստանում» ծրագրերի մի շարք բաղադրիչների իրականացման համար:

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման:

Նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ վերջին շրջանում լուրջ քայլեր են իրականացվել հատկապես բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

«Ցանկացած բարեփոխում կունենա իր լուրջ հաջողությունը, եթե մենք ունենանք ճիշտ իրազեկում: Մինչև 2014թ-ը պետք է հնարավոր բոլոր միջոցներն օգտագործվեն՝ իրազեկելու հասարակությանը», -ասաց նախարարը և շնորհակալություն հայտնեց դոկտոր Չիմային և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ բարձր է գնահատում նախարարության հետ իրականացվող համագործակցությունը:

«Այս երկու համաձայնագրերի հետ կապված կա ընթացակարգ, որը մենք կարևորում ենք: Արդեն երկրորդ անգամ է, որ նախարարության հետ դրամաշնորհային պայմանագիր ենք կնքում և չկա որևէ միջնորդ ընկերություն: Բովանդակային առումով այն կօգնի, որ ՀՀ քաղաքացիները տեղյակ լինեն բոլոր այն փոփոխություններին, որոնք կիրականացնի Ազգային ժողովը»,- ասաց դեսպանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմանը ԱՄՆ-ի ժողովրդի անունից հայտարարեց, թե հպարտ է, որ նման համաձայնագիր է ստորագրվում: «Ուրախ եմ, որ գումարը գնալու է ծրագրի իրականացմանը և ոչ թե որևէ երրորդ կողմի: Ծրագիրն իրականացվելու է երկու կառույցների միջոցով և նախարարության համապատասխան ինստիտուցիոնալ կառույցները ևս հնարավորություն կունենան զարգանալու»,- ասաց նա:

Նշենք, որ առաջին համաձայնագրի համար փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդի համար՝ 60.000 ԱՄՆ դոլար: