ՄԻՊ-ն այցելել է նախընտրական շտաբներ

19:37 • 16.04.12

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պաշտպանի առաջին տեղակալը, արագ արձագանքաման ծառայության ղեկավարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեմոկրատական, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների շտաբների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպման ժամանակ պաշտպանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական և դիտորդական հիմնական երկու գործառույթները և ներկայացրել պաշտպանի 116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության, հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում: Նա վերահաստատել է պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը իրավական աջակցություն տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց թեկնածուներին և վստահված անձանց: Պաշտպանը կարևորել է համագործակցությունը նախընտրական և ընտրական շրջանում, ինչը հնարավոր է արդյունավետրեն շարունակել հետագա 5 տարիներին Ազգային Ժողովում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կուսակցություններին հուզող հարցերն ու խնդիրները` կապված նախընտրական շրջանի զարգացումների հետ։ Ի թիվս այլ հարցերի Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը և վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։ Դեմոկրատնական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման և կուսակցության պաստառների ոչնչացման հետ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի և կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաև մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին: Պաշտպանը հորդորել է բոլոր ներկաներին և իրենց կուսակիցներին խախտումների մասին այս և այլ տեղեկետվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաև իրեն։

Համաձայն ձեռք բերված նախնական պայմանավորվածության` վաղը պաշտպանը այցելելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբներ: