ԲՀԿ–ն որևէ քաղաքական ուժի հետ որևէ ստվերային պայմանավորվածություն չունի. Նաիրա Զոհրաբյան

16:22 • 16.04.12

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ որևէ ստվերային համաձայնություն չունի։ Միակ պայմանավորվածությունը, որ կա բոլոր այն ֆորմատներում, որտեղ կա ԲՀԿ–ն, մեկն է՝ անել հնարավորը ընտրությունների ազատ, արդար ընթացքն ապահովելու համար։ Դա թե՛ քառյակի, այժմ՝ կարծես եռյակի ֆորմատն է, թե՛ Աժ–ում ստեղծված աշխատանքային, և թե՛ Դավիթ Հարությունյանի ստեղծած ֆորմատն է»,– Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քարոզչության պատասխանատու, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության» համամասնական ցուցակի ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանի և Ալեքսանդր Արզումանյանի այսօրվա հայտարարությունը, թե ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի միջև, հնարավոր է, նոր կոալիցիա ստեղծելու պայմանավորվածություն կա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք միշտ էլ ասել են, որ իրենք այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են իրենց հետ միասին պայքարել ազատ և արդար ընտրությունների անցկացման համար, համարում են իրենց գործընկերներն ու դաշակիցները։ «Եթե «Ժառանգությունը» փորձում է մտացածին կամ թելադրված պատճառներով հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա մենք նրանց ոչնչով չենք կարող օգնել։ Սեփական պրոբլեմների մեջ խճճվածներին կարող եմ ընդամենը մեկ խորհուրդ տալ՝ չփորձել մեղադրել որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ ԲՀԿ–ին, որն ամեն ինչ արել է և անելու է, որ հնարավոր լինի տարբեր մեխանիզմներով վերահսկել ընտրությունների ազատ և արդար ընթացքը»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ կուսակցության քարոզչության պատասխանատուի, «եթե տվյալ ուժին ձեռնտու չէ ազատ և արդար ընտրությունների անցկացումը և այդ ֆորմատից փախչելու համար ինչ–ինչ հեքիաթներ են հորինվում», ապա ինքը վստահ է, որ դրա գնահատականը քաղաքացիները կտան մայիսի 6–ի ընտրությամբ։