«Օպերացիա Նեմեսիս». Նարեկ Դուրյանի՝ Ցեղասպանությանը նվիրված ներկայացումը
Ապրիլի 19-ին ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը հանդիսատեսին կներկայացնի իր նոր` «Օպերացիա Նեմեսիս» թատերական ներկայացումը`նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին:
Պատմական այդ էջի մասին ներկայացում բեմադրելը, ռեժիսորը կարևոր է համարում , քանի որ, ըստ նրա, այդ մասին քիչ է խոսվում։
«Որովհետև ես գտնում եմ , որ այսօր այդ հերոսական էջի մասին շատ քիչ է խոսվում: Մենք այդ էջերը իրավունք չունենք մոռանալու և պետք է ետ բերենք»,- կարծում է արվեստագետը:
Խոսելով ներկայացման սյուժեի մասին ռեժիսորը նշեց, որ այն հիմնված է երկու մոտեցումների վրա` Պերճ Զեյթույնցյանի «Ոտքի դատարանն է գալիս» պիեսի և երկու ֆրանսիացի պատմաբաների աշխատությունների վրա:
Նա հատուկ ընդգծեց, որ Սողոմոն Թեհյլերյանի կողմից Թալեաթ փաշայի պլանավորած սպանությունն ահաբեկչություն չէ, ինչպես ասում են թուրքերը. «Ոչ մի պատահական մարդ չի տուժել, սա ահաբեկչական գործողություն չէ, ինչպես ասում են թուրքերը»:
Ներկայացմանը կխաղա 11 դերասան, որոնցից, Դուրյանի խոսքով, հանրությանն ավելի քաջածանոթ են Ավո Խալաթյանը և «Նիմ» սուտդիայի դերասանները: Մեկ դերասանը մի քանի դերակատարում է ունենալու և փորձելու է տարբեր ժամանակներում հայտնվել:
Թե որքան կապրի ներակայցումը, ռեժիսորը դժվարանում է ասել, քանի որ վստահ չէ, որ հաջողել է: Սակայն թատերագետ Արա Խզմալյանը, ով նշեց, որ դիտել է ներկայացման վերջնական փորձը, վստահ է, որ ներկայացում երկար ժանամանակ կբեմադրվի, քանի որ համահունչ է այսօրվա թատրոնի պահանջներին.
«Հայ թատրոնում այսօր ամենամեծ խնդիրը ժամանակի և ռիթմի զգացողությունն է։ Շատ ներկայացումներում չկա այդ ռիթմը»։ Այդ առումով Դուրյանը բացառիկ է. ունի փայլուն ռիթմական զգացողություն: Ինձ համար ամենակարևորը այս ներկայացման մեջ ռիթմամեղեդային պատկերն է»,-ասաց թատերագետը:
Ըստ Արա Խզմալյանի՝ շատ կարևոր է նաև այն, որ Դուրյանը չի տարվել թեմայով, քանի որ տարվելով թեմայով`«հաճախ սպանում ենք արվեստը»: Մյուս առավելությունը նա համարեց այն, որ ներկայացում կարճ է տևում` մեկ ժամ և երեսուն րոպե:
«Բեմադրիչը պետք է մտածի, որ հանդիսատեսը իր զահլան չունի»,-առհասարակ կարծում է թատերագետը:
Նարեկ Դուրյանը կարծում է, որ կարճ տևողությունը հատկապես ճիշտ է ողբերգության ժանրի ներակացումների և հատկապես հայ հանդիսատեսի համար։ «Տրագեդիայի (ներկայացման) դժվար է բերել մարդկանց, մարդիկ չեն ուզում այլևս լացել, դրա համար պետք է կարճ անել»:
Սակայն ռեժիսորն այնուամենյայիվ կարծում է, որ ցեղասպանության թեմայով ներկայացմանը հանդիսատեսը չի կարող չհուզվել։
«Որ ասեմ, չենք լացելու, ճիշտ չի: Որ ասեմ, կրծքին ենք խփելու և ասելու, որ բոլորին սպանելու ենք, դա էլ ճիշտ չի»,- ասաց ռեժիսորը:










