Ռուբեն Հայրապետյանը թող իզուր «տինդիրիտներ» չանի. Նիկոլ Փաշինյան

15:24 • 16.04.12

Այսօր, երեկոյան ժամը 22.00-ին, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքից թիվ 7 ընտրատարածքում պատգամավորական թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանին սպասում է «Արմնյուզ» հեռուստատեսության ուղիղ եթերում, այս մասին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Եվ եթե նա վախենում է գալ, թող տինդիրիտներ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս մտավախություն ունի, որ ՀՀՖ նախագահը տարբեր պատճառաբանություններով կարող է հրաժարվել հրապարակային բանավեճի առաջարկից ու որպեսզի ապացուցի, որ իր ակնկալիքներն արդարացված են, ոչ միայն մեջբերեց, այլև մեկ անգամ ևս ցուցադրեց Ռուբեն Հայրապետյանի հրապարակային արտահայտությունները։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե «Արմնյուզի» ուղիղ եթեր կգնա, եթե միայն այնտեղ ներկայանան ՀԱԿ համամասնական ցուցակի առաջինից տասը համարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ», (բացառությամբ երրորդ համարից՝ Արամ Սարգսյանից, ում Ռուբեն Հայրապետյանը հարգում է - խմբ.):
Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին էր վերապահել բանավեճի «ֆորմատը» որոշելու իրավունքը, և քանի որ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ ձևաչափ նշանակում է հանդիպման վայր, ժամ ու մասնակիցների կազմ, ապա «ՀԺ» գլխավոր խմբագրի խոսքով՝ իրենք որոշել են այդ ձևաչափը և ակնկալում են Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, բանավեճի հրավերքն ընդունված է հենց Հայրապետյանի ասած պայմաններով:

«Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը»,- հստակեցրեց թեկնածուն:
Ի դեպ, նա նշեց, որ լրատվամիջոցներում այս բանավեճը լուսաբանվել է այնպես, թե իբր ինքն է բանավեճի հրավիրել ՀՖՖ նախագահին, մինչդեռ, ըստ Փաշինյանի պարզաբանման, Ռուբեն Հայրապետյանը հրավիրել էր Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջինից տասը համարներին, և ինքն էլ որպես յոթերորդ համարի թեկնածու՝ ընդունել է առաջարկը:
«Ես հաճույքով ընդունել եմ և ակնկալում եմ, որ 22.00 –ին բանավեճը տեղի կունենա, որովհետև Ռուբեն Հայրապետյանն արել է արտահայտություններ, որոնց ես պետք է պատասխանեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նաև լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատում իր բանավիճային հնարավորությունները:

«Ողջունում եմ իր այդ գնահատականը, և այսօր կտեսնենք, թե այն ինչքանո՞վ է համապատասխանում իր գնահատականին»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի ՀՖՖ նախագահն իր հետ բերի Նիկոլ Փաշինյանին վերագրվող այն մեկ միլիոն դոլարանոց բնակարանի լուսանկարը՝ համապատասխան ապացույցներով, ինչի մասին հայտարարել էր մոտ երկու տարի առաջ հրավիրված մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ռ. Հայրապետյանի ընկեր և 7-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու և Փաշինյանի մրցակից Սամվել Ալեքսանյանին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նրան, իրոք, բանավեճի առաջարկ արել է:
«ամվել Ալեքսանյանն առաջ է մղում կանանց, ես ասում եմ, Սամվե՜լ, արի՜ իրար հետ կռվի չմտցնենք մեր նախընտրական թիմերին»,- Փաշինյանը դիմելով Ալեքսանյանին առաջարկեց՝ տղամարդը տղամարդու նման իրենց ասելիքն ասել միմյանց երեսին:

«Պետք չէ կանանց հետևում թաքնվել, Սամվել, սա շաքար ներկրել, չի, օղի կեղծել չէ, սպառողներին խաբել չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: