Օսկանյանը հոգեվարքի մեջ է և կոալիցիայի մասին ժամանակավրեպ բաներ է ասում. Հովհաննես Սահակյան
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր և պատգամավորության թեկնածու Հովհաննես Սահակյանը վաղաժամ և ժամանակավրեպ է համարում ապրիլի 14-ին Մոսկվայի տանը՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ապագա կառավարության ձևավորման մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հայտարարությունները՝ ավելացնելով, որ Օսկանյանը հոգեվարքի մեջ է:
Tert.am-ի հետ զրույցում, հիշեցնելով, որ ՀՀԿ–ն մշտապես հայտարարել է, որ նոր կոալիցիայի ձևավորումը հնարավոր կլինի միայն նոր Ազգային ժողով ձևավորվելուց հետո, այսինքն՝ դրանում ներկայացված ուժերի հարաբերակցության մեջ հստակություն մտնելուց հետո, Հովհաննես Սահակյանն ասաց. «Այդ ժամանակ երկրի նախագահը, եթե նպատակահարմար կգտնի, ապա կձևավորվի նոր կոալիցիա: Այլապես, ժամանակավրեպ ու տարօրինակ է Վարդան Օսկանյանի հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ վերջին նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ի ընտրությունները սոսկ օրենսդիր մարմնի ընտրություն չեն, այլ նաև նոր կառավարության ընտրություն, և հավելել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, ի տարբերություն անցած չորս տարիներին իշխանությունների վարած քաղաքականության, «իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը»:
Օսկանյանը նաւև նշել էր, որ ԲՀԿ–ն կառավարության օրոք փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում զարթոնք են ապրելու:
Օսկանյանի այս հայտարարությունները Հովհաննես Սահակյանի համար ավելին են, քան տարօրինակ և վաղաժամ։ «Վարդան Օսկանյանը հոգեվարքի մեջ է, և նրա ելույթներն, այսուհետ, պետք է մեկնաբանեն հոգեբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,-ասաց հանրապետական պատգամավորը:
«Ինչ մնում է, որ կառավարությունը վերջին չորս տարիներին չի կատարել իր գործառույթները, և որ այս ԱԺ ընտրությունները կառավարություն ձևավորելու ընտրություններ են, ապա ինձ համար տարօրինակ է, որ մարդը կարող է քննադատել կոալիցիային և ասել, որ այն ձևական է, և մյուս կողմից՝ արդեն իսկ կառավարության համար, բառիս բուն իմաստով, կռիվ տալ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
ՀՀԿ–ական պատգամավորը նաև տրամաբանական անհամապատասխանություն է գտել Վարդան Օսկանյանի այս և նախորդ հայտարարություններում։ « Եթե ձևական է, ապա ինչպե՞ս եք հաջորդ կառավարությանը մասնակցելու նմանատիպ ինչ-որ կոալիցիայի կազմում և ինչո՞ւ են նման խոսակցությունները՝ բանակցություններ սկսել ընտրություններից առաջ»,- հարցրեց հանրապետական պատգամավորը:









