Մալաթիա-Սեբաստիան «լֆիկական» ռեժիմի ներքո դարձել է նորօրյա Օսվենցիմ. Նիկոլ Փաշինյան
Թիվ 7-րդ ընտրատարածքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կողմից պատգամավորական թեկնածու առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գնահատամամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի օրերին տեղ-տեղ երևակվում է որպես «լֆիկական ռեժիմի ներքո հայտնված մի նորօրյա Oսվենցիմ»։
Այսօր օրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր քարոզարշավի դեմ իրականացվող խոչընդոտներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այդ հանգամանքը, «գերիների ազատագրման համար պայքարը» համարում է իր քաղաքական պայքարի կարևորագույն նպատակներից մեկը:
Հիշեցնենք, որ երեկ Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ մի խումբ կանայք Նիկոլ Փաշինյանից պահանջում էին հեռանալ իրենց համայնքից՝ պատճառաբանելով, թե իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր և պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն է:
Նիկոլ Փաշինյանը նաև, ըստ ժամանակագրության, ներկայացրեց երեկ ողջ օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքից իր նախընտրական շտաբին ուղղված ահազանգերը:
Այսպես, ժամը 13-00-ի մոտակայքում ստացվել է ահազանգ, որ Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդիկ Փաշինյանի վստահված անձանց արգելել են քարոզչական նյութեր տարածել: Վերջինս դեպքի վայր ժամանելով, նշված հասցեում տեսել է մի խումբ անձանց, ովքեր ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի ներկայացուցիչներ, ասել են, որ տվյալ տարածքում քարոզչություն չպետք է իրականացվի, քանի որ Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց «գլուխը կարող են ջարդել»:
Փաշինյանն ասաց, որ այդ մասին տեղեկացվել է Ոստիկանությանը: Սակայն, երբ Նիկոլ Փաշինյանը, որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչներին բացատրություններ է տվել ու փորձել կոնկրետ մատնանշել իրավախախտում թույլ տված անձանց, եկել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը: Վերջինս նախ զրույցի է բռնվել ոստիկանների հետ,ապա կարճ զրույց է ունեցել և Փաշինյանի հետ, ինչից հետո դեպքի վայր են ժամանել «հայտնի» կանայք, որոնցից շատերն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ջերմագին ողջագուրվել են Դավիթ Օհանյանի հետ:
«Հիշյալ բակում քարոզչական նախատեսված աշխատանքն ավարտելուց հետո վերադարձել եմ Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական շտաբ և շարունակել քարոզչական աշխատանքների համակարգումը: Վերադարձի ճանապարհին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ տեսել եմ «Լազ» մակնիշի երկու ավտոբուս, որոնցով, ըստ ականատեսների, Սվաճյան 34 շենքի բակ են բերվել «ի պաշտպանություն Ս. Ալեքսանյանի ցույցի մասնակիցների զգալի մասը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Երեկ երեկոյան նաև ահազանգ է ստացվել ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանի և թիվ 1-ին ընտրատարածքում ինքնաառաջադրված, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանի նկատմամբ իրականացված բռնությունների մասին:
Նշենք, որ երեկ՝ օրվա վերջում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության ներկայացուցիչները պատգամավորի թեկնածու Փաշինյանին և նրա վստահված անձանց ուղեկցել են քարոզարշավի իրականացման ընթացքում: Երեկ ինչ-որ մարդիկ «21OL062» համարանիշով «Opel» մակինիշի ավտոմեքենայով մի քանի ժամ շարունակ հետևել են Փաշինյանի տեղաշարժերին:
Պատգամավորության թեկնածուն այսօր հայտարարեց, որ երեկ իր ահազանգով ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Opel» մակինիշի «21OL062» պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը:









