Նիկոլի դեմ կազմակերպված «այդ լրբերի» ակցիան պետության խայտառակությունն է. Պետրոս Մակեյան (տեսանյութ)

13:44 • 16.04.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Պետրոս Մակեյանը զայրացած է Նիկոլ Փաշինյանի վրա հարձակված «լրբերի համախմբի» արարքից և ուղղակի սարսուռ է զգում նրանից, թե որտեղ են հասցրել «մեր ժողովրդին» ու կանանց:

Tert.am-ի հետ զրույցում ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց. «Ես տեսա, որ հայ կնոջ կերպար չկար, դա ուղղակի լրբերի համախումբ է, որոնց հավաքագրել է իրենց իսկ նշած պատգամավորը (թիվ 7-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը - խմբ.) և փորձում է ինչպես երկրի հեղինակության հետ խաղալ, այնպես էլ շարքային հայ կնոջ կերպարը աղճատել»:

Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի խումբ՝ բավական ագրեսիվ տրամադրված կանայք «Նի-կո՛լ, հեռա-ցի՛ր» վանկարկումներով, ապա և զրույցներով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանից ոչ միայն պահանջում էին հեռանալ իրենց «հայաթից», այլև քաղաքական զրույցներ էին վարում «Մարտի 1-ի» դեպքերի, Հայաստանի դժբախտությունների մեղավորների և այլնի մասին:

Ըստ Պետրոս Մակեյանի, այն՝ ինչ կատարվեց երեկ, այսօրվա իշխանությունների իրական որակն ու դեմքն է: «Որոնք փորձում էին եվրոպական ինչ-որ բաներով քողարկել և քարոզարշավը դրսին ներկայացնել արդար, ազատ ընտրությունների տարբերակով, բայց, ներվերը չդիմացան: Նիկոլի դեմ կազմակերպված այդ ակցիան իշխանության ու մեր պետության խայտառակությունն է»,-հավելեց Պետրոս Մակեյանը:

Նշենք, որ տարբեր կայքերում արդեն կան զանազան խոսուն վերնագրեր, այդ թվում և օրինակ՝ «Փրկել Նիկոլին Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանանցից»:

Հարցին, թե միգուցե սա կանանց շրջանում բազմակարծության կամ ժողովրդավարության ցուցադրությո՞ւն է, այսինքն՝ արտահայտվում է հակադիր կարծիք, նաև՝ որ համայնքում ցանկանում են տեսնել Սամվել Ալեքսանյանին, Պետրոս Մակեյանը պատասխանեց.«Հազար բան կարող են իրենք ասել, բայց մենք գիտենք՝ ինչպես է խնդիրը դրված և ոնց են իրենք լուծում: Այդ ասվածը որևէ կապ չունի կազմակերպիչների իրական նպատակների ու ծրագրերի հետ»:

Ի վերջո, տեսական մակարդակում համաձայնելով տարբերակի հետ, որ ենթադրենք՝ կանայք արտահայտում էին «այլակարծություն», ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց, որ այդ դեպքում նրանք պետք է Նիկոլ Փաշինյանին արտահայտվելու հնարավորություն տային, ապա միայն ասեին, որ՝ «Մենք չենք ընդունում»:

Պետրոս Մակեյանը, ի պատասխան հարցի, թե կատարվածն այս քարոզարշավի նորո՞ւյթն է, ասաց, որ այդպիսինները՝ «այդ որակները», միշտ էլ տարբեր համապետական ընտրություններում եղել են, բայց որ թեկնածուի խոսքով՝ «այդքան ցցուն օգտագործեն» առաջին անգամն է: