«Ձեր երկրի ապագան ձեր ձեռքում է». ԳԴՀ արտաքին գերատեսչության պետնախարար
Հայաստանում է գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերն այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների ու պորֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ապագան հայերի ձեռքում է։
Կորնելիա Պիպերը նաև ասաց, որ ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա քսան տարվա դիվանագիտական հարաբերությունները փաստում են Հայաստանի քսան տարվա անկախության, նոր զարգացումների և ձեռքբերումների մասին:
«Ձեր երկրի ապագան ձեր ձեռքերում է, այդ պատճառով պետք է իմանալ անցյալը և արժևորել անկախությունը»,- ասաց պետնախարարը և վստահեցրեց, որ կշարունակվի Հայաստան-ԵՄ մերձեցումը:
Կորնելիա Պիպերը կարևորեց նաև Հայաստանում ազատ առևտրային գոտի ստեղծելու շուրջ ընթացող բանակցությունները:
«Ողջունում ենք Հայաստանի այս առաջընթացը, և ուզում եմ վստահեցնել, որ այդ մերձեցումից դուք եք շահելու»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Պիպերը որպես օրինակ բերեց նախորդ դարասկզբին ֆրանս-գերմանական և գերմանա-լեհական լարված հարաբերությունները:
«Մենք հույս ենք հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունները ժամանակի ընթացքում բարիդրացիական կդառնան, քանի որ դա կարևոր է նաև ամբողջ տարածաջրջանի զարգացման համար»,- ասաց նա:
Կարևորելով ուսման դերը երկրի զարգացման գործում, նա ուսանողներին կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել լեզուների ուսուցմանը, քանի որ, նրա խոսքով, հաղթում է նա, ով շատ լեզու գիտի:









