ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացեց Պղնձամոլիբդենային կոմբինատի նոր հոսքագծերի մասնաշենքը

15:29 • 16.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, մասնակցեց կոմբինատի վերազինված հոսքագծերի բացմանն ու ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Սերժ Սարգսյանը կտրեց Ռուսաստանի Դաշնությունից ստացված միջպետական 500 մլն դոլար վարկով կառուցված նոր մասնաշենքի կարմիր ժապավենը: Մասնաշենքը կառուցվել է հաստատված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում:

Լրագրողների հետ զրույցում Պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր ինժեներ Արտակ Օհանյանը նշեց, որ նոր մասնաշենքն արդեն տասն օր է ինչ գործում է, իսկ ամբողջական նախագիծը կգործարկվի մինչև այս տարվա վերջը:
«Կոմբինատը կբերի հանքաքարի մշակման 20% աճ ու 80-100 նոր աշխատատեղեր կբացվեն: Այժմ, մինչև շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը, մեզ հետ աշխատում են նաև 150 կապալառուներ»,- ասաց Ա. Օհանյանը:
Հարցին՝ թե բնապահպանական տեսանկյունից ի՞նչ վտանգ կարող է ունենալ կոմբինատը, Արտակ Օհանյանը պատասխանեց՝ ասելով, որ պահպանվում են միջազգային բոլոր նորմերը և օգտագործվող ջրերը բնությանն են վերադարձվում նույնպիսի մաքրությամբ:

«Օգտագործված ինժեներական լուծումները կբերեն նաև բնական ռեսուրսների խնայողությանը»,- ասաց Օհանյանը:
Նշենք, որ բաց հանքը գտնվում է Ագարակ քաղաքից 7 կմ, իսկ հարստացուցիչ ֆաբրիկան` 3.5 կմ հեռավորության վրա: Հարստացուցիչ ֆաբրիկան նախատեսված է պղձամոլիբդենային հանքաքար մշակելու համար` որպես վերջնական արտադրանք ստանալով պղնձի և մոլիբդենի խտանյութ:

Հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա փետրվարին: Նոր մասնաշենքը վերազինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով:
2011թ-ի հանքահանումը կազմել է 2.7 մլն տոննա` հանքաքարում պղնձի 0.34 և մոլիբդենի 0.0178 պարունակությամբ։ Արտադրվել է 26.400 տոննա պղնձի և 628 տոննա մոլիբդենի խտանյութ: