Սերժ Սարգսյանն այցելեց Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջնակներում այցելեց Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Մեղրիում երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նախատեսվում է իրականացնել համաշխարային բանկի աջակցությամբ, առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության, առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանն ասաց, որ այս ծրագրով կկատարվի Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների համախմբումը մեկ` նորակառույց հիվանդանոցային համալիրի շենքում:
«Դա թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը: Վերոնշյալ ծրագրի իրականացումը թույլ կտա ազատել Ագարակի և Մեղրիի հիվանդանոցների, ինչպես նաև Մեղրիի պոլիկլինիկայի շենքերը»,- ասաց Գուրգեն Դումանյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցի շենքը տեղակայվելու է 3500քմ տարածքում, իսկ շենքում կտեղակայվի 45 տեղանոց բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3.6 մլն ԱՄՆ դոլար:









