ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև հնարավոր է նոր կոալիցիա ստեղծելու պայմանավորվածություն կա. Ռուբեն Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ «Ժառանգության» դեմ կա հստակ հակաքարոզչություն, իբր թե այս քաղաքական ուժը ձախողում է արդար ընտրություններ անցկացնելու համար միասնական շտաբ ձևավորելու աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա որպես իրենց անկեղծ կարծիքի ապացուցույց ներկայացրեց այն, որ փաստաթղթի ստորագրության ժամանակ իրենք նախապես հայտարարել էին իրենց պահանջների մասին, որի մասին տեսագրությունը կա:
«Մենք ներկայացանք նիստին, ողջունեցինք, միաժամանակ, որպեսզի իմիտացիոն բնույթ չկրի, առաջարկեցինք երկու պայման, որ նախ այդ փաստաթղթի տակ լինի առաջին դեմքերի ստորագրությունը, որպեսզի հասարակությունը տեսնի, որ քաղաքական ուժերը կողք-կողքի կանգնած են անկեղծ մտադրություններով, և որ մեկը չխոսի այլ բան և անի ուրիշ քայլ»,- իր փաստարկները ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը և միաժամանակ հայտարարեց, որ երեք ուժերով պայմանավորվել են, որպեսզի չեզոքացնեն «Ժառանգությանը»:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ կշարունակեն աշխատել, եթե ընդունեն իրենց պայմանները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին նկատեց, որ միասնական շտաբն ընդդիմադիր ձայները փոշիացնելու միտում ունի: Նա նշեց, որ իշխանափոխություն ասելով իրենք հասկանում են, որ պետք է պայքարել ապօրինի ռեժիմի դեմ, որն ունի երեք հենասյուն՝ «յուրաքանչյուրն իր քաշային կատեգորիայով»: «Շտաբն իրոք իմիտացիայով է զբաղվում, միտումնավոր գործողություն է»,-ասաց նա:
Ներկաները կարծիք հայտնեցին, որ հնարավոր է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորվածություն կա՝ Աժ անցնելով ստեղծել նոր կոալիցիա: «Մենք չենք դատապարտում և չենք քննադատում, որ կարող է լինել այդպիսի պայմանավորվածություն, սակայն իրենց պլաններն իրականացնելու համար թող չդիմեն նենգության»,-ասաց Ռուբեն Հակոբյանը և ավելացրեց, որև իրենց ուժը աշխատում է բաց, առանց որևէ ստվերային գործարքների:









