Նկարիչ Սամվել Սևադան ցնցված է Մալաթիա–Սեբաստիայում Նիկոլ Փաշինյանի հետ կատարվածից

16:12 • 16.04.12

Նկարիչ Սամվել Սևադանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ցնցված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպից, երբ մի խումբ կանայք դեմ էին դուրս եկել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից այդ տարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանին և նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված, գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը վանկարկելով Փաշինյանից պահանջել էին հեռանալ իրենց բանկից։

«Այն, ինչ երեկ ես տեսա, ինձ հունից հանեց, և ես հասկացա, որ մեր ազգաբնակչության դեմքը չի փոխվել: Դա ինձ հիշեցրեց «Խաթաբալա» ներկայացման հայտնի դրվագը, երբ վճարի դիմաց կանանց առաջարկվում է լաց լինել: Ես շատ վիրավորված եմ»,- ասաց նա:

«Նշանակություն չունի, թե ո՞վ է թեկնածուն. տարբեր դեպքեր են եղել, բայց ոչ այսպիսին: Պատգամավորի թեկնածուն ժպիտը դեմքին 45 րոպե մարտնչում էր դրանց դեմ: Եթե քսան տարի առաջ լիներ, գուցե հասկանալի կլիներ, բայց հիմա անհարմար է»,- ասաց նա:

Մամլո ասուլիսին հրավիրված էր նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս դժվարացավ հստակ պատասխանել՝ օգտագործո՞ղն է մեղավորը, թե՞ օգտագործվողը, բայց մի բանում համոզված է. «Օգտագործվող կանանց համար դա մասնագիտություն է»,- ասաց նա:

Ընտրություններին նախապատրաստված այս կանանց «Մատյան գունդը», ըստ գրականագետի, դեռ նախընտրական սցենարի առաջին դրվագն է:

«Կա ահավոր խզում ժողովրդի և ղեկավար մարմինների միջև: Մտավորականներ ենք, եկել ու խոսում ենք դրա մասին, բայց ի՞նչ օգուտ, մյուս մտավորականների ձայնը չի լսվում: Այսպես հնարավոր չի երկիրը փրկել»,- ասաց Դավիթ Գասպարյան։

Ըստ նրա՝ ժողովրդի «պատկերը» չի փոխվում և նրանք բացահայտ հայտարարում են, որ ով շատ փող տա, նրան էլ կընտրեն, քանի որ ժողովրդինփչացրել են հենց պատգամավորության թեկնածուները:

«Մինչև հիմա տեսա՞ք, որ ընտրակաշառքի համար որևէ մեկին բռնեն, դատեն, բայց հակաօրինական է, չէ՞»,- ասաց գրականագետ Գասպարյանը:

Սամվել Սևադան համամիտ չէ այն մտավորականների հետ, ովքեր հայտարարում են, թե իրենք գործ չունեն և չպետք է խառնվեն քաղաքական գործերին։ Միաժամանակ նա հայտարարեց, որ ինքն էլ խուսափում է շատ հարցերի վրա կենտրոնանալ: «Շատ չեմ կենտրոնանում, որ կենտրոնանամ՝ կգժվեմ»,- ասաց նա:

Մտավորականները, չնայած մեծ ցանկություններին, այնուհանդերձ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից դրական փոփոխություն չեն ակնկալում. «Կունենանք այն, ինչ ունենք՝ մի քանի դեմքերի փոփոխությամբ, իսկ սա նշանակում է՝ անդեմություն»,- ասաց Դավիթ Գասպարյանը:

Մտավորականները նաև խոստովանեցին, որ ստեղծված իրավիճակից հասարակությանը դուրս բերելու հնարավորություն չունեն նաև հենց իրենք՝ մտավորականները, որովհետև, վերջիններիս ևս չի հաջողվում համախմբվել. «Ինչքան փորձում ենք համախմբվել, չի ստացվում, քանի որ նրանց մեջ էլ քիչ չեն օգտագործվողները»,- անկեղծորեն նկատեց Դավիթ Գասպարյանը: