Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին` հայտարարելով Հայաստանի տարածքում ՌՏԿ կառուցման մասին. փորձագետ

13:53 • 16.04.12

Ռուսաստանը, հայտարարելով Հայաստանի տարածքում նոր ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման մտադրության մասին, փորձում է Բաքվին «խոսեցնել» Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալութան գնի հարցում: SalamNews-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախկին Խորհրդային միության Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բանակի ռազմական խորհրդի անդամ, ՀՕՊ ոլորտի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ- մայոր Վլադիմիր Տիմոշենկոն:

Վերջերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքում ՌՏԿ կառուցելու հարցը:

«Սա Ռուսաստանի կողմից իսկական շանտաժ է: Ռուսաստանը Հայաստանում ոչ մի կայան էլ չի կառուցի, որովհետև, բացի նրանից, որ դա շատ թանկարժեք օբյեկտ է, այն կառուցելը պահանջում է մեծ քանակությամբ շինանյութերի մատակարարում»,- հայտարարել է Տիմոշենկոն` հավելելով, որ շինանյութն էլ Հայաստան չի հասնի` հաշվի առնելով ռուս- վրացական բարդ հարաբերությունները:

«Վրաստանն իր տարածքով ոչ մի բեռ այնտեղ (Հայաստան) չի թողնի»,- կարծիք է հայտնել պաշտոնաթող գեներալը:

Նշենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս Գաբալայի ՌՏԿ-ն վարձակալելու գնի շուրջ: